pastinfo.am-ը գրում է. ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ երեկ, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ Վ.-ին:
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան լուրեր տարածվեցին, որ հատուկ ջոկատայինները, թվով 50-60 հոգի, շրջափակել են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող «Մագնում» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին:
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ հյուրանոցի «սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր»:
Կատարվում է հետաքննություն:
Ի դեպ, ոստիկանության իրականացրած այս գործողության և Ռուբեն Գևորգյանի անձի միջև հնարավոր կապի մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հորդորեցին չքաղաքականացնել հարցը՝ հիշեցնելով, որ վերջին ամիսներին հանրապետության բոլոր բնակավայրերում գործող գիշերատներում ու հյուրանոցներում էլ նմանատիպ ստուգումներ իրականացվել են, բայց նման աղմուկ չի բարձրացվել:
«Ոստիկանությանը բացարձակապես չի հետաքրքրում, թե նման գործունեություն իրականացնող անձն ինչ քաղաքական հայացքներ ունի»,- նշեց մեր զրուցակիցը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում