armcomedy.com-ը գրում է. ՀՀ նախագահի հրամանագրով միջազգային տնտեսական ինտեգրման նախարար և փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է մի շարք լրացուցիչ պաշտոններում: Որոշումը բացատրում են իշխանության նոր մոտեցմամբ` երկիրը պետք է ղեկավարեն միայն կիրթ և կոմպետենտ մարդիկ:
Նախագահականի անանուն աղբյուրը բացատրում է, որ Հայաստանը փորձում է թևակոխել որակապես նոր շրջան, որտեղ երկիրը կղեկավարեն պրոֆեսիոնալ և գրագետ մարդիկ: «Ցավոք սրտի, նման մարդիկ շատ քիչ են… Ստիպված մի քիչ շատ ենք ծանրաբեռնում այդ մարդկանց.. մարդուն», – նշում է աղբյուրը:
Վաչե Գաբրիելյանը փետրվարից ղեկավարում է Հայաստանի տնտեսական գերատեսչոթյունը ԵՄ-ում և Եվրասիական տնտեսական միությունում: Ապրիլից նա կներկայացնի Հայաստանը Ավստրալիայում և Պոլինեզիայում, իսկ մայիսից` համատեղությամբ կներկայացնի նաև մեր երկիրը Ճապոնիայում, Չինաստանում և 14 այլ ասիական երկրնուում:
Միաժամանակ կառավարությունը նշանակել է Վ. Գաբրիելյանին փոխնախարար բոլոր նախարարություններում (բացի Մշակույթի և Սփյուռքի նախարարություններից): «Այո, մենք էլ ենք զգում որակյալ կադրերի պակաս: Հասկանում ենք, որ հեշտ չի այդքան համատեղել… Բայց ոչինչ` Գաբրիելյանը աշխատասեր ա, կխնդրենք` մի քիչ ավելի շատ վիզ կդնի», – նշել է կառավարության ներկայացուցիչը:
Չի բացառվում, որ Վ. Գաբրիելյանը նշանակվի նաև Կադաստրի և ԱԺ բոլոր հանձնաժողովների խորհրդական, սակայն այդ դեպքում Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները սպառնում են ևս ներգրավել Գաբրիելյանին իրենց աշխատակազմում: «Էդ ինչո՞ւ ուրիշ նախարարություններում լինեն կիրթ ու կոմպետենտ մարդիկ, իսկ մեր մոտ` չէ», – նշում է Մշակույթի նախարարության անանուն աղբյուրը – «Առայժմ չգիտենք իհարկե ինչպես կօգտագործենք Գաբրիելյանի պրոֆեսիոնալիզմը, բայց դե նախարարություն ա, թող լինի: Պետք կգա»:
Միաժամանակ արդեն հայտնի է, որ հունիսի մեկից Վ. Գաբրիելյանը լինելու է համատեղությամբ նաև Հայաստանի ներկայացուցիչը Լատինական և Հյուսիսային ամերիկաներում, ինչպես նաև ՄԱԿ-ի Համաշխարհային առողջապահական կազմակերպությունում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում