Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 12-ին, ժամը 11-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կմատուցվի պատարագ` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ. Կհնչի լատիներեն ֆորմուլան և Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ: Իսկ մինչ պատարագը ևս մեկ հիշարժան միջոցառում է ծրագրված. Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակը զարդարելու է իտալական Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը: Խաչքարը կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը:
Պատարագն ամբողջությամբ, ուղիղ միացումով, հեռարձակվելու է Արմենիա հեռուստաընկերության եթերում: Նշենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է, քանի որ առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ում և Սուրբ Աթոռի վրա ճնշումը եղել է աննախադեպ, քանի որ թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խանգարել պատարագի անցկացումը: Սակայն թուրքերի ջանքերը զուր են անցել: Ներկայացնելով սպասվող պատմական իրադարձության մանրամասները՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, լրագրողների հետ զրույցում, առանձնացրել է այն փաստը, որ պատարագի ընթացքում տեղի է ունենալու հայկական մեռելոցի ծիսական կարգ. «Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համար»:
Սուրբ Պետրոսի տաճարի աննախադեպ ու պատմական պատարագը հեռարձակվելու է ուղիղ եթերով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet