▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոսում հայ պարուհին դատապարտվեց ազատազրկման երկրի դրոշը վիրավորելու համար

azatutyun.am-ը գրում է. Associated Press-ի փոխանցմամբ, Եգիպտոսի դատարանը 6 ամսվա ազատազրկման դատապարտեց Եգիպտոսում հայտնի հայազգի պորտապարուհի Սոֆինար Գուրյանին՝ երկրի պետական դրոշը վիրավորելու մեղադրանքով: Ըստ նրա դեմ ներկայացված հայցի, պորտապարուհին ելույթ է ունեցել Եգիպտոսի դրոշի գույների՝ կարմիր, սպիտակ և սև գույնի զգեստով, ինչը առիթ է դարձել նրա դեմ հայց ներկայացնելու համար:

Երկուշաբթի Կահիրեի արևմտյան շրջանի Ագուզայի դատարանը որոշել է, որ Սոֆինար Գուրյանը, ով հայտի է բեմական «Սոֆինազ» անունով, պետք է նաև 15 հազար եգիպտական ֆունտ (մոտավորապես 2000$) տուգանք վճարի, իսկ ազատազրկումից խուսափելու համար որպես գրավ ևս 10 հազար ֆունտ՝ մինչև վերաքննիչ բողոքի լսումը:

Պորտապարուհու դեմ գործ էր բացվել մասնավոր հայցվորի հիման վրա: AhramOnline-ի փոխանցմամբ, հայց ներկայացնողը կին գործարար է, հյուրանոցի սեփականատեր:

Սոֆինար Գուրյանն ասել է, որ դրոշը վիրավորելու միտում չի ունեցել, լինելով արտասահմանցի՝ եգիպտական օրենքներին այնքան էլ ծանոթ չէ:

Daily Mail -ը գրում է, որ տիկին Գուրյանը Եգիպտոսում ապրում և աշխատում է վերջին երկու տարիներին և միանգամից հաջողություն է ունեցել: Պարային ելույթներից բացի, նա արդեն նկարահանվել է եգիպտական մի քանի ֆիլմերում, նրան հրավիրում են նաև ելույթ ունենալ հարսանիքներում: 38-ամյա պարուհու ամուսինը Եգիպտոսի քաղաքացի է: Սոֆինար Գուրյանը լրագրողներին ասել է, թե ցանկանում է մնալ ու ապրել Եգիպտոսում:

Երկրի դրոշը վիրավորելը պատժելի է համարվել 2013-2014-ին նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի օրոք, ում զինվորականները 2013-ին երկրի ղեկավարի պաշտոնակատար էին նշանակել իսլամիստ նախագահ Մուհամադ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո: 2014 թվականի հունիսին ուժի մեջ մտած օրենքը երկրի դրոշը վիրավորելու համար ազատազրկում և տուգանք է նախատեսում:

Պարուհուն դատապարտելու հաջորդ օրը՝ ապրիլի 21-ին, նախկին նախագահ Մուհամադ Մուրսին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման ցուցարարների դեմ ուժ կիրառելու, մարդկային զոհերի հանգեցրած բախումներ հրահրելու մեղադրանքներով:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին