Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառոց բոլորին և հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին: Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։ Մյուս ուղևորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց և ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել:
6 տարի անց, երբ քչերն են արդեն հիշում այդ վթարի մասին, Գոքորի հարազատներից մեկը բարձրաձայնում է վթարի հետ կապված մի շարք մանրամասներ և որոշ բացահայտումներ անում:
Արտերկրից ուղարկված նամակում քույրը՝ Դիանան, գրում է. «Երբ տղաները հեռացան մեզանից, շատ բան փոխվեց: Նախ այն փաստը, որ երրորդ անձնավորությունը, որը մեքենայի տերն էր (Էդգարը), չգիտես ինչ պատճառներով, չի վարում իր մեքենան և նստած է լինում կողքի նստատեղին: Նա ողջ է մնում, իսկ Գեղամն ու Արամը մահացու վնասվածքներից մահանում են»,-գրում է Դիանան ու հաջորդիվ բարձրաձայնում վթարի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու մասին: «Ցավոք սրտի, քանի որ մեր Հայաստանը կոռուպցիայի երկիր է, Էդգարի հայրը, որը Հայաստանում դատավոր է, փակել տվեց դատական քննությունը: Մեջբերում Էդգարի խոսքերից. «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»:
Չհամապատասխանելով իրական փաստերին՝ գործը փակվեց սուտ ցուցմունքների հիման վրա ու գնաց արխիվ,- գրում է Դիանան՝ հավելելով, որ հենց այդ ցավալի օրերին Էդգարը և նրա հարազատները գնում էին և իրենցից պահանջում էին իրենց վթարված մեքենայի գումարը:- Անարդար երկիր, անարդար մարդիկ… Եվ չգիտես ինչպես՝ մի երկու ամիս հետո Գեղամի խանութը արդեն վերցրել և տնօրինում էր այդ Էդգարը: Ինչևէ: Աստված իրենց դատավոր լինի»:
Դիանան իր նամակում դժգոհում է նաև «Շանթ» հեռուստաընկերության գործունեությունից, որը, նրա բառերով, միայն հաղորդել է այդ ցավալի լուրը, բայց երբեք չի հիշատակել տղաների մասին, որոնք այդ ժամանակահատվածում այդքան բարձր էին պահում իրենց ռեյտինգը: «Հեռուստաընկերությունը չհիշեց թե՛ նրանց ծննդյան օրերը, թե՛ մահանալու օրերը: Նույնիսկ մի նյութ չարեցին նրանց հարգանքի տուրք մատուցելով, որոնք այդքան բարձր պահեցին «Որոգայթի» ռեյտինգը: Բայց «Շանթը» հիշում էր ամեն մի ծննդյան օրը Փոլ Մաքքարտնիի կամ Ռասպուտինայի՝ չմոռանալով շնորհավորել նրանց:
Հազվադեպ խոսեցնում են մի քանի դերասանի՝ ցանկանալով տեղեկանալ մի քանի բան, բայց նրանք էլ խոսում են այնպես, կարծես թե ամեն ինչ գիտեն, թե ինչ են արել տղաները, և ոնց է կատարվել… Համենայնդեպս ասեմ, որ ոչ մեկը չի կարող ասել կամ ստույգ տեղեկություներ տալ լավ, բացի իրենց տան հարազատներից»:
Վերջում Դիանան գրում է, որ Գեղամը շատ էր սիրում մարդկանց և շատ բարի սիրտ ուներ, միշտ օգնում էր անտուն կամ կարիքավոր մարդկանց, գալիս էր տուն ու կիսալացակումած, ուրախ աչքերով պատմում էր, որ այդ օրն էլ մի հրաշալի բան է արել: «Օգնում էր մանկատան երեխաներին ու կալանատներին՝ ուղարկելով թեկուզև քիչ, բայց ինչ-որ բան՝ ցանկանալով ուրախացնել նրանց: Եվ դա դեռ սկիզբն էր, ու դեռ այնքան շատ բան էր ուզում անել…»,-եզրափակում է նամակագիրը:
Աղբյուր`BlogNews