▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հեռացող տեսակ եմ. Հովհաննես Թեքգյոզյան

Հունիսի 29-ին «Հայ գիրք» գրախանութում «Գրական-երիտասարդական ակումբը» կազմակերպեց հանդիպում արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ։ Քննարկմանը մասնակցում էր նաև «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Հովհաննես Թեքգյոզյանը իր ստեղծագործական գործունեության նախապատմությունը սկսեց այսպես․ «Առաջին բանաստեղծությունը գրել եմ հինգ տարեկանում: Իմ անցած ճանապարհն ինքնաժխտման ճանապարհ է: Ինքս ինձ հաճախ եմ ժխտում»:

Իսկ թե արվեստի ո՞ր ճյուղն է հոգեհարազատ գրողին և իրեն համարում է դերասան, թե գրող, Հովհաննես Թեքգյոզյանը պատասխանեց այսպես. «Ես մասնագիտություն չունեմ՝ ո՛չ դերասան եմ, ո՛չ գրող, ո՛չ դրամատուրգ։ Ժամանակակից թատրոն գոյություն չունի։ «Ժամանակակից թատրոն» ասվածը աբսուրդ բան է։ Թատրոնը չի կարող ժամանակից առաջ անցնել, լավագույն դեպքում կարող է համընթաց ընթանալ։ Հայաստանում իմ պիեսները չեն բեմադրվում։ Ես լուսանցքում եմ, և դա ինձ դուր է գալիս»։

Ժամանակակից արվեստագետների մասին գրողն արտահայտվեց հետևյալ կերպ․ «Ովքե՞ր են զբաղվում արվեստով․ ինտելեկտուալ և ներքին գրգռում ունեցող մարդիկ։ Չիրականացված հեղափոխությունից՝ 2008 թվականից հետո արվեստի որոշ ճյուղեր վեկտորային ձևով առաջ գնացին, օրինակ՝ գրականությունը։

Դա ջրբաժան հանդիսացավ իշխանամետ և ոչ իշխանամետ արվեստագետների միջև»։ Տեղեկացնենք, որ Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» վեպն արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով և ճանաչում է գտել Թուրքիայում, Ֆրանսիայում։

Թարգմանվում է նաև իտալերեն։ Իր խոսքի մեջ Հ․Թեքգյոզյանը նշեց նաև, որ այս պահին աշխատում է նոր գրքի վրա, որի գլխավոր հերոսները չորս դերասանուհիներ են։

 

«Գրական-երիտասարդական» ակումբ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին