▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան ինձ տվել է սեր և ընտանիք...Ռուզաննա Խաչատրյան

Շնորհավոր տոնդ, իմ երկրորդ Հայրենիք


Շնորհավորում եմ Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Ժողովուրդ՝ ինձ համար թանկ և նշանակալի, որը կյանքիս բոլոր ճակատագրական փուլերում եղել է իմ նեցուկն ու հենարանը: Եվ գուցե ի վերուստ նախասահմանված էր. իմ ուսումնառությունը սկսվել է ֆրանսիական թեքումով թիվ 48 դպրոցում: Այն ժամանակ, երբ ես արտաբերում էի առաջին ֆրանսերեն բառերը, երբ սովորում էի Ֆրանսիայի պատմությունը, չէի կարող պատկերացնել, որ կյանքիս ամենանշանավոր և թանկ իրադարձությունները ֆրանսիական միջավայրում են տեղի ունենալու: Լինելով հայ և կրելով հայուհու գենոֆոնդը՝ իմ հոգեկերտման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ֆրանսիացի ժողովուրդը՝ իր համամարդկային բարձր արժեքների համակարգով, պատմությամբ, գրականությամբ, ազնվական փիլիսոփայությամբ:
Հիացմունքի և երախտիքի խոսքերի հետ մեկտեղ՝ խոնարհվում եմ Ֆրանսիայի ժողովրդի առջև, ով անցյալ դարասկզբին առաջիններից էր, որ ընդունեց և պաշտպանեց Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին:
Հուլիսի 14-ը, երբ Ֆրանսիայի ժողովուրդը նշում է իր Ազգային տոնը, շրջադարձային է եղել նաև իմ կյանքում. 1993 թվականի հուլիսի 14-ին ֆրանսիացի բժիշկների կողմից հայտարարված մրցույթում ես ընտրվեցի և որպես բժիշկ հնարավորություն ստացա նրանց հետ համագործակցելու: Ես պարտական եմ Ֆրանսիայի բժիշկ գիտնականներին և այն հաստատություններին, որոնց շնորհիվ նվաճել եմ իմ մասնագիտական բարձրագույն կրթական աստիճանները և հետագայում իմ գիտելիքները, մասնագիտական ողջ ներուժը ծառայեցրել եմ ոչ միայն հայրենակիցներիս բուժելուն, այլև բժշկել եմ ֆրանսիացի մեծանուն դիվանագետների, գիտնականների, բժիշկների, քաղաքական գործիչների և դերասանների՝ դառնալով նրանց ընկերն ու բարեկամը:
Եվ ի վերջո, իմ կյանքի ամենակարևոր իրադարձությունը... Ամուսնուս՝ Սեյրան Օհանյանին, հանդիպել եմ 2003 թվականին ֆրանսիացի դիվանագետների շրջապատում:
Անցել են տարիներ, ու հիմա երախտագիտությամբ կարող եմ ասել՝ այդ երկիրն ինձ տվել է կրթություն, մասնագիտական վերելք, սեր և ընտանիք...


«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին