Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել են բնակարանի տիրուհու դին:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն էր և նրա դին հայտնաբերվել է ննջարանում բերանքսիվայր գետնին ընկած և դիակի վրա բազմաթիվ իրեր են լցված այդ թվում հագուստներ:
Տունն ամբողջովին տակնուվրա էր արված և այս պահին ժամանել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր քննիչների հետ տանը տեղազննման աշխատանքներ են կատարում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում