«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը, որի նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել՝ Երևանի և Վանաձորի կենտրոններ այցելող շուրջ 200 կարիքավոր երեխաներին և ավելի քան 90 միայնակ տարեցներին սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական, մշակութային համալիր ծառայություններ մատուցելու համար:
Բարեգործական միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեցան Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի ներկայությամբ, որը վերջերս հովանավորեց Օրրանի վանաձորյան մասնաճյուղի համար արևային էներգիայով սնուցվող ջեռուցման համակարգի տեղադրումը, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերությունը՝ տնօրեն Հրաչ Ջաբրայանի գլխավորությամբ, որը հոգաց 30 երեխաների ողջ տարվա տաք սնունդը՝ յոթ միլիոն հարյուր քսանհինգ հազար դրամի նվիրատվությամբ, Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի, Հայաթ Փլեյս հյուրանոցը, Արմաս ընկերությունը, Լա Գալիրեա խանութների ցանցը, Պրո Լայֆ կազմակերպությունը, ինչպես նաև՝ տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, անվանի արվեստագետներ և բազմաթիվ լրատվամիջոցներ:
Օրրանի բարեկամների շնորհիվ այդ երեկո հնարավոր եղավ հանգանակել շուրջ յոթանասունվեց միլիոն ՀՀ դրամի չափով գումար, որի առյուծի բաժինը տրամադրեց ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը: Ամեն տարի ընկերությունն իր զգալի ներդրումն է ունենում ըթնրիքի հաջողության մեջ և այս անգամ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ն նեցուկ կանգնեց 212 կարիքավոր երեխայի՝ նվիրաբերելով հիսուն միլիոն հարյուրհիսուն հազար դրամ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ոգեշնչող ուղերձով հյուրերին կոչ արեց միանալ Օրրանի առաքելությանը և նպաստել Հայաստանում սոված երեխաների և տարեցներ վիճակագրության կրճատմանը՝ իր ընտանիքի անունից կատարելով երկու միլիոն ութ հարյուր հազար դրամ անձնական նվիրատվություն:
Հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած երեկոյի ընթացքում հյուրերը ճաշակեցին Մարիոթի խոհանոցի համեղ ուտեստները, մասնակցեցին ավանդական դարձած կենդանի աճուրդին և բարեգործական վիճակախաղին, որի ընթացքում խաղարկվեցին Արպեգի կողմից նվիրած ադամանդե գեղեցիկ մատանի և Իմիջ Կոդ գեղեցկության սրահի երկու նվեր-քարտ:
Սրահին շքեղ տոնական տեսք էին հաղորդել Էնի Ռոուզ հարսանյաց և ծաղկի սրահի աշխատակիցները: Տոնական սեղանների զովացուցիչ ըմպելիքները ապահովեց Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան: Հյուրասիրության համար իրենց քաղցրահամ գինիները տրամադրեցին Վայք գրուպը, ի դեմս գործադիր տնօրեն Դավիթ Զաքարյանի, և Կարաս ընկերությունը, իսկ Մոնո Պատիսսերիի հիասքանչ տորթը էլ ավելի ճոխացրեց ընթրիքը: