▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ թեթև ձեռքով Երևանում հայ մեծերը դարձան այդքան հասանելի

Այսօր ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է street art-ը: Հայաստանը նույնպես հետ չի մնում զարգացման այս տենդենցներից: Արևմուտքից մեր իրականություն ներթափանցած նկարչության փողոցային այս տեսակի պատկերները հիմնականում կարելի է տեսնել տարբեր շինությունների պատերին: Street art-ը, որը չի  համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ,  լայն տարածում ունի հատկապես երիտասարդների շրջանում: Երիտասարդ Ռոբերտ Նիկողոսյանի հեղինակած գրաֆֆիտտին կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում՝ Նորքի զանգվածների պատերից մինչև Վերնիսաժի հարակից շինություններ: Նրա նկարների հերոսները հայ մեծերն են՝ Մհեր Մկրտչյանը, Պարույր Սևակը, Սոս Սարգսյանը, Շառլ Ազնավուրը, Ավետիք Իսահակյանը, Կոմիտասը, Վիլյամ Սարոյանը և այլք: Asekose.am-ը զրուցել է Ռոբերտի հետ նրա գործունեության մասին և ոչ միայն: 

21-ամյա Ռոբերտ Նիկողոսյանը մասնագիտությամբ նկարիչ է, ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը:

«Մանկուց եմ նկարել, իսկ այս շնորհը թերևս հորիցս է անցել, ով նույնպես ժամանակին զբաղվել է նկարչությամբ, թեև՝ ոչ պրոֆեսիոնալ»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոբերտը, ով նկարչության մեջ նախըևտրում է հիմնականում գրաֆիկայի ոճը,  քանի որ այն իրեն ավելի հոգեհարազատ է:

Անդրադառնալով նրան, թե ինչպես է որոշել զբաղվել Երևանի շինությունները նկարազարդելով՝ Ռոբերտը նշեց, որ իր վաղեմի երազանքներից մեկն է եղել նկարել մեծ դիմանկարներ:

Մեր այն հարցին, թե ինչու է նկարում հատկապես հայ մեծերին՝ Ռոբերտը պատասխանեց. «Սկզբից նման նպատակ չունեի, սակայն երբ առաջին անգամ նկարեցի հայ մեծերից Մհեր Մկրտչյանին, զգացի, որ մարդկանց կողմից բավական դրական արձագանքներ եղան», ապա հավելեց, որ այդ շարքով նպատակ ունի մեր երիտասարդներին հիշեցնելու հայ մեծերի մասին:

«Փորձում եմ հայ մեծերին պատկերել այն հոգեվիճակներում, որոնցով ճանաչում են նրանց մարդիկ»,- նշեց երիտասարդ նկարիչը:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտ Նիկողոսյանն այս ամենով զբաղվում է սեփական նախաձեռնությամբ, չունի հովանավորներ, թեև խոստովանում է , որ երբեմն լինում են մարդիկ, ովքեր օգնում են ֆինանսական առումով:

«Հուսով եմ, որ հետագայում կհայտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն ինձ»,-անկեղծացավ մեր զրուցակիցը:

Խոսելով գործի ընթացքում երբեմն ի հայտ եկող անհաջողությունների մասին երիտասարդ նկարիչը նշեց, որ դրանք անխուսափելի են, սակայն պետք է կարողանալ հաղթահարել դրանք:

«Յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինեն սխալներ, որոնց վրա նա կսովորի ու կհասկանա, թե որն է ճիշտը»,- նշեց Ռոբերտը:

«Աստուծոյ շնորհքովն եմ ինչ որ եմ, և նորա շնորհքն որ ինձանում է». Պողոս առաքյալի այս խոսքերով  կյանքում առաջնորդվող երիտասարդ Ռոբերտը, ով աչքի է ընկնում իր համեստությամբ, իրականում չէր սպասում, որ իր այս նկարները նման լայն արձագանք կստանան, որի համար անչափ ուրախ ու հպարտ է զգում իրեն:

Ռոբերտը չի սիրում խոսել ապագայի մասին, սակայն լավատեսորեն է նայում կյանքին: 

«Իմ կարծիքով՝ մեր երիտասարդները շատ լավն են, ունեն թարմ ու հետաքրքիր մտքեր, որոնք իրականություն դառնալու համար ունեն համապատասխան նախադրյալներ: Նրանք համարձակ են, ինչն ամենակարևորն է, քանի որ միայն համարձակ մարդիկ կարող են դիմանալ կյանքի դժվարություններին ու առաջ գնալ», -Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը:

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին