▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձեցին «ռազբորկա» անել ինձ հետ. Ալեն Սիմոնյանը՝ իրեն սպառնացող ոստիկանների մասին

 

 

 

 

 

 

 

 

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում Երևանում մոտոցիկլետով ընթացող ոստիկանական համազգեստով տղամարդն ըստ Ալենի` առաքիչ էր հիշեցնում:

«Երբ ոստիկանը նաև առաքիչ է»,- այսպես էր մակագրել լուսանկարն Ալեն Սիմոնյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այն նկարն ինձ արտասովոր էր թվացել, որովհետև միշտ չէ, որ ոստիկանները նման կերպով են շրջում: Այդ պատճառով էլ լուսանկարը տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում, որից հետո ոստիկանական որոշ պատշոտնյաներից և, ընդհանուր առմամբ, ոստիկանությունից անհասկանալի արձագանք ստացա: Իրենք ինձ հետ «ռազբորկա» սկսեցին»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Վերջինիս խոսքով`  այդ «ռազբորկա» ասվածը սկսվել էր իր ֆեյսբուքյան էջին նամակներ ուղարկելու տեսքով.

«Ոստիկանական  համազգեստով  Հակոբ Պապիկյան անուն-ազգանունով տղամարդն ինձ գրեց, որ հանեմ այդ նկարը, ասաց` «ականջիդ օղ արա, Ալեն»:   Ասացի, որ չեմ հանի, ինչին էլ նա պատասխանեց՝ «Աստված քեզ հետ»: Ես գրեցի նրան` «Սպառնո՞ւմ եք ինձ», ինչին նա չպատասխանեց:  Բայց դա էլ անտեսեցի, աչքերս փակեցի…  Առհասարակ, ես դեմոկրատաբար եմ վերաբերում, երբ  նյութի տակ գրում են` «ամոթ է, չի կարելի», որովհետև մտածում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն ունենալ, որևէ խնդիր չկա…»:

Սակայն ըստ Ալեն Սիմոնյանի՝ այսքանով սպառնալիքները  չեն վերջացել.

«Այդ ամենից հետո ինձ անձնական նամակ ուղարկեց «Ոստիկանության զորքեր» ֆեյսբուքյան էջը: Խոսակցության ընթացում փորձեց, այսպես ասած, «տեղը դնել» ինձ, այսինքն` մեղմ ասած «ռազբորկա» անել ինձ հետ: Երբ ես պատախանեցի, որ այն, ինչ նա կտեսնի իմ ֆեյսբուքյան էջում հետաքրքիր կլինի նյութը պատրաստելու համար (նկատի ունենալով, որ հրապարակելու եմ մեր նամակագրությունը), նա ինձ ասաց.
« Դու շատ փոքր  մարդ ես, որ ղեկավարների հետ կապված խորհուրդներ տաս»: Դրան  ի պատասխան՝ ասացի, որ  մարդիկ փոքր չեն լինում,  իրեն էլ դատավորի իրավասությունը որևէ մեկը  չի տվել: Նաև ավելացրեցի, որ եթե օրենքի հետ կապված խնդիր կա, կարող է ինձ դատի տալ կամ էլ եթե հանցակազմ կա, քրեական գործ հարուցի: Անդրադառնալով գրածիս՝ նա ասաց. «Մենք ժամանակ չունենք, որ քո պես փափլիկ մատիկներով նստենք ու ինչ-որ բաներ գրենք»:

Այս պահին Ալեն Սիմոնյանը երկմտանքի առաջ է.

«Չգիտեմ` այս ամենից պետք որպես քաղաքացի վախենա՞մ, պե՞տք է դիմեմ ոստիկանություն,  դատախազություն, ինչը չեմ արել, որովհետև  ճանապարհ ունեմ անցած. ինձ այդքան հեշտ չէ վախեցնելը: Ինձ համար անհասկանալի է,  թե ինչպես ոստիկանությունը կարող է «ռազբորկա» անել ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարի պատճառով: Իրենք  այդ իրավունքը չունեն, պարզապես կարող են ինձ դատի տալ և օրենքի սահմաններում գործել, սակայն չեն կարող  գրել, որ ես փոքր մարդ եմ: Ես համարում եմ, որ փոքր մարդը նա է, ով լրագրող է ծեծում, իսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ նման տեսանյութեր կան... Փոքր մարդը նաև նա է, ով  քֆուր է տալիս ցուցարարին, վիրավորանք է հասցնում, հարվածում է, բայց ես ինձ փոքր մարդ չեմ համարում»:

Զրույցի վերջում Ալեն Սիմոնյանը պաշտոնապես հայտարարեց, որ որևիցե պարագայում իր ֆեյսբուքյան էջից չի հեռացնելու այն լուսանկարը, որից ծագել էր այս խնդիրը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ` Ալեն Սիմոնյանի հրապարակած  նամակագրությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին