«Ատոնց գլուխները ջարդի՞մ, ի՞նչ անիմ…»,- Ստամբուլում այսպես արձագանքեց աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Asekose.am-ի այն հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերն, ըստ որի «Դողուշ» հոլդինգի հետ պայմանագիր է կնքվել, որով թուրքական ընկերությանն է անցնելու Արա Գյուլերի ողջ արխիվը։
Արա Գյուլերը մեզ վստահեցրեց, որ սուտ են այդ լուրերը և իր լուսանկարները չեն կարող որևէ ընկերության պատկանել, քանի որ «դրանք աշխարհինն են»:«Կըսես՝ այդպե՞ս են գրել...Չգիտեմ, թե ո՞ր էշուն ձեռքի գործն է այդ լուրերը տարածելն, ի՞նչ քաք կա դրա տակ...»,- իրեն բնորոշ խոսելաոճով նշեց Արա Գյուլերը ու վստահեցրեց, որ արխիվի մասին որևէ խոսակցություն չկա, պարզապես տրապիզոնցի թուրք իր մտերիմի հետ պայմանավորվածություն ունի, որ հետևելու է Ստամբուլի կենտրոնում՝ Իստիկլյար պողոտայում գտնվող Ara Kafe-ի կառավարումը, քանի որ ինքն այլևս չի կարող զբաղվել դրանով:
Հատկանշական է, որ մեր հարցումներից ու մամուլում և Հայաստանում այդ լուրի վերաբերյալ արձագանքների մասին Արա Գյուլերին տեղեկացնելուց հետո, 87-ամյա լուսանկարիչը մտահոգ ու կասկածամիտ երևաց ու մեր զրույցը զգուշորեն ավարտեց՝ նշելով. «Մեկուն շտապ զանգ պիտի ընեմ…»:
Այսօր, թուրքական Cumhuriyet-ը գրել է, որ Թուրքիայի հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել իր եւ «Դողուշ» հոլդինգի միջեւ կնքված պայմանագիրը։
Արա Գյուլերն իր մտադրության մասին տեղեկացրել է «Դողուշ» հոլդինգին եւ վերջինս էլ Արա Գյուլերի պահանջի հիման վրա հետ է վերադարձրել պայմանագիրը։
Հիշեցնենք, որ արդեն չեղյալ հայտարարված պայմանագրի համաձայն Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու էր 50 հազար լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին էին անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն եւ Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։
Նշենք, որ Asekose.am-ի թիմը Ստամբուլում էր «Կտոր M Հայաստան» հեռուստահաղորդման նկարահանումների նպատակով և այդ շրջանակում էր հանդիպել «Ստամբուլի աչքին»:
Հաղորդումը եթերում կլինի հունվարից: