▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեգործություն, որ մարդկանց մոտ միայն ժպիտ ու քմծիծաղ է առաջացնում...

2012թ.-ին Երևանի ամենամարդաշատ Աբովյան փողոցում տեղադրվեց մեծահարուստ բարերար համարվող Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը: Հայտնի է, որ 1800-ական թթ.-ից Ալ. Մանթաշյանցը Բաքվում զբաղվել է նավթի արդյունաբերությամբ: Նրա նավթի արդյունաբերական տները տարածվել են ամբողջ աշխարհում՝ Ռուսաստան, Լեհաստան, Թուրքիա, Ռումինիա, Անգլիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Իրան: Նա ուներ հանքեր, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ և շոգենավեր: 1900-ական թթ.-ին սկսել է նվիրատվություններով աջակցել հայ դպրոցին և եկեղեցուն:

Mantashyants

Շատ մտածված է թվում այն հանգամանքը, որ հուշարձանը տեղադրվեց մայրաքաղաքի ոչ միայն պարզապես առևտրայնացված, այլև՝ սպառողականությունն առավելագույնս խթանող միջավայրում՝ Աբովյան փողոցում հայտնի և թանկարժեք հագուստի և իրերի խանութների հարևանությամբ: Ինչպես բանվորի արձանն են տեղադրում բանվորական թաղամասում՝ պատկերելու այդ տարածքում ապրող և աշխատող մարդկանց հավաքականությունն ու նրանց արժեքները, այդպես էլ Աբովյան փողոցում տեղադրված Մանթաշյանցի հուշարձանը մարմնավորում է հարստություն, շքեղություն և շռայլություն: Սրանք այն հատկություններն են, որոնք պահանջվում են Աբովյան փողոցի խանութների այցելուներից: Նշված հատկություններին գումարած Մանթաշյանցի հուշարձանը խորհրդանշում է նաև բարերարություն ու մարդասիրություն:

Անժելա Հարությունյանը «Պետության խորհրդանիշներն ու նարատիվները Երևանի քաղաքային լանդշաֆտում» հոդվածում գրում է, որ չնայած մարդ արարածներն ու նյութական իրերը կարող են թվալ միմյանց բացասող կատեգորիաներ, պատկերամարտության հիմքում այն կանխադրույթն է, որ մարդիկ ու իրերը նման են: Որքան ամուր է այդ նույնացումը, այնքան մեծ է պատկերամարտության հավանականությունը: ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ հուշարձանի տապալումը խորհրդանշում էր վարչակարգի քաղաքական տապալումը: Այդպես կոմունիստական կարգերի փլուզումից հետո, վարչակարգի նկատմամբ ցասումն ու ատելությունն արտահայտվեց կոմունիստական առաջնորդների արձանների տեղահանմամբ ու ոչնչացմամբ: Մարդիկ թքում էին այդ արձանների վրա՝ մտքում դա հասցեագրելով արձանի բնօրինակին:

Ինքնավստահ բուրժուա բարերար պարոնի կեցվածքը հուշում է, որ նրա ֆինանսական գործերը լավ են, ինչը և պետք է ներշնչել Աբովյան փողոցի անցորդներին: Այդ ինքնավստահությունը փոխառում են Աբովյան փողոցի թանկ խանութների և սրճարանների այցելուները: Ժամանակակից բուրժուաները կարող են իրենց թույլ տալ լինել նաև բարերար և ավելի շատ թեյավճար թողել սրճարանում:

Ինչո՞ւ հիմա կարևոր դարձավ մայրաքաղաքի հանրային տարածքներում տեղադրել բարերարի հուշարձան: «Տեղահանված հուշարձաններ և հանրային ոլորտներ» հոդվածում Մալքոլմ Մայլսը գրում է, որ «Հանրային հուշարձանները հասարակության քաղաքացիներին տեղեկացնում են այդ հասարակության արժեքների մասին»3:

Այստեղից կարելի է ենթադրել, որ հուշարձանները մարմնավորում են իշխանության գաղափարախոսությունները, թելադրող արժեքները: Տվյալ դեպքում բարեգործությունը ներկայացվում է որպես արժեք, իսկ հուշարձանները վկայակոչում են նոր բարերարների ծնունդը:

Պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանին «Հայրենիքի հանդեպ ցուցաբերած անձնուրաց սիրո, ազգին մատուցած բացառիկ ծառայությունների, ազգային գանձանակին նվիրաբերած հոգևոր, նյութական և մարդասիրական արժեքների համար» տրվել է «Ալեքսանդր Մանթաշյանցի» անվան ոսկե մեդալ:

Սլավոյ Ժիժեկը, ով կապիտալիզմի անխնա քննադատներից է, իր «Ազատե ՛ք մեզ ձեր խոշոր կապիտալի շնորհներից» հոդվածում գրում է, որ հարստացումը տեղի չի ունենում պետությունից կամ հասարակությունից դուրս և, որպես կանոն, հարստության յուրացման վայրի գործընթացը (նկատի ունի կապիտալիզմի տնտեսակարգը) կասկածի տակ է դնում այդ ունեցվածքին տիրանալու իրավունքը, եթե անգամ այն հետագայում բարեգթորեն նվիրաբերվում է: Արևմուտքի մեծահարուստներին Ս.Ժիժեկն անվանում է լիբերալ-կոմունիստներ: Նրանք այն միլիարդատերերն են, ովքեր տարեկան տասնյակ միլիարդ գումար են տրամադրում բարեգործությանը: Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆֆետը (Forbes ամսագրի համաձայն գրավում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում) հայտարարել են, որ բարեգործության համար նվիրաբերում են իրենց թագավորության կեսը: Սա աննախադեպ քայլ էր «բարեգործության պատմության» մեջ: «Հումանիտար կապիտալիստները» որոշել են հոգ տանել Աֆրիկայում սովամահությունից տանջվող երեխաների, իսլամական ֆունդամենտալիզմից տառապող կանանց և բնապահպանական խնդիրների մասին: «Մարդու ինչի՞ն է պետք համակարգիչը, եթե նա ուտելու բան չունի» Բ. Գեյթսի հայտնի խոսքերից հետո պետք է հիշել, որ նա ժամանակին գնեց իր մրցակիցների մասնաբաժինը և ստեղծեց մենաշնորհ:

Ս. Ժիժեկը, քննադատելով կապիտալիզմը, իր ելույթներում, նշում է, որ բարեգործությունը խաղի մի մասն է, հումանիտար դիմակ, որը ծածկում է լիբերալ-կոմունիստների գործունեության հիմքում ընկած շահագործումը: Ո՞վ է Աբովյան փողոցով քայլելիս հիշում, որ Ալ. Մանթաշյանցի նավթի արդյունաբերական գործարաններում շահագործվում էր հարյուրավոր մարդկանց աշխատուժ կամ, ո՞վ էր Գագիկ Ծառուկյանին ոսկե մեդալ տալու ժամանակ հիշում, որ նրա Մղարթի ոսկու հանքում աշխատող մարդկանց միջին աշխատավարձը նրա մրցանակ ստանալու տարում եղել է 40-50 հազար ՀՀ դրամ:

Ֆրանսիական Technikart ամսագիրը կազմել է լիբերալ-կոմունիստների 10 պատվիրանների ցուցակ: Կ. Մարքսի ժամանակներից շատ բան է փոխվել: Այսօր արևմուտքի կապիտալիստներն ուզում են լինել ստեղծագործ, նորարար, մշտապես կրթվող, ճկուն, դինամիկ, ոչ միայն վաճառեն, այլ նաև փոխեն աշխարհը (ոչինչ, որ այդ ընթացքում ավելի կհարստանան), հայտարարում են, որ իրենց մահից հետո նրանց ամբողջ ունեցվածքը կտրվի բարեգործությանը:

Աշոտ Ոսկանյանը «Արվեստի ժամանակակից ինստիտուտում» դասախոսություններից մեկի ժամանակ կարծիք է հայտնել, որ իրականում Ջորջ Սորոսն իրապես հետաքրքրված է պոստկոմունիստական երկրներում ժողովրդավարության զարգացմամբ, սակայն, պետք է հասկանալ, որ այդ հետաքրքրվածության հիմքում տնտեսական շահագրգռվածությունն է: Ակնհայտ է, որ ժողովրդավարության մոդելը միակն է, որ տրամադրում է այն բոլոր ազատությունների տեսականին, որոնք նոր սպառման հնարավորություններ են բացում: Խիստ ավանդական հասարակություններում դժվար կամ գրեթե անհնար կլինի ավտոմեքենա կամ համակարգիչ վաճառել կնոջը, իսկ ժողովրդավարության տված ազատությունները նոր շուկաներ են բացահայտում անդրազգային կորպորացիաների համար:

Տեղական բուրժուա-բարեգործները շատ հեռու են Ս. Ժիժեկի սահմանած լիբերալ-կոմունիստներ կոչվելու համար, այլապես Գագիկ Ծառուկյանը կկառուցեր նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, այլ ոչ թե եկեղեցի Աբովյան քաղաքում իր 8-ամյա որդու անունով՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ: Շատ հատկանշական է, որ նրան որոշ մարդիկ անվանում են թագավոր: Միջնադարում միայն թագավորներն էին կարող իրենց թույլ տալ եկեղեցի կառուցել:

Tsarukyan

Այստեղ իսկապես հետաքրքրական է այն հանգամանքը, որ Հայաստանի բուրժուան կառուցում է եկեղեցի, որը, կապիտալիզմի տեսանկյունից չունի ներդրման նպատակահարմարություն, այն երբեք չի վերադարձնի, առավել ևս չի կրկնապատկի ծախսված միջոցները: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր պետք նրան կառուցել եկեղեցի: Խնդիրն այն է, որ տեղի մեծահարուստ գործարարները կամ կառուցում են սիմվոլիկ կառույցներ, ինչպիսին եկեղեցին է (եկեղեցին այսօր չունի ազգապահպանության նշանակություն, այն ավելի շատ հարգանքը, համբավը, պատիվը առարկայացնելու միջոց է), կամ ռեստորան, ավելի առաջադեմները՝ ռեստորանային կոմպլեքս, քանի որ խնդիր ունեն արագ ստանալ շահույթ և չունեն երկարաժամկետ բիզնես պլանավորման, երկրի տնտեսական հեռանկարներն ու աշխարհում տեղի ունեցող բիզնեսի զարգացումները կանխատեսելու կարողություն:

Վարդան Ազատյանն իր «Ազգայինը և հակասությունները» բանախոսության մեջ մեկնաբանում է բարեգործության խնդիրը: «Եթե բարեգործությունը շարունակվում է պետության առկայության պայմաններում, դրանով ասվում է, որ կա՛մ պետություն չկա, կա՛մ, որ այդ պետությունը բանի պետք չէ: Եթե բարեգործություն ես անում, նշանակում է՝ կա ընդհանուր անարդարություն: Եթե ընդհանուր անարդարություն չլինի, բարեգործությունը իմաստ չի ունենա: Եթե աղքատների ու հարուստների միջև մեծ անջրպետ չլինի, բարեգործություն չի լինի, փոխօգնություն կլինի: Եթե բարեգործության հարց ես դնում, ուրեմն ընդունում ես ընդհանուր անարդարությունը: Իսկ եթե բարեգործի համար արձան ես դնում, նշանակում է նվիրագործում ես այդ անարդարությունը»:

Կարևոր չէ, թե որքան անկեղծություն կամ կեղծավորություն կա այս ամենի մեջ: Բարեգործությունն այն օրինական գործունեությունն է, որը լեգիտիմացնում է շահագործման արդյունքում ձեռք բերված անօրինական ունեցվածքը: Հայաստանում և, նաև ամենուր, բարեգործությունը կապիտալիստական մոտեցման տրամաբանությունն է, որը պայմանավորված է տնտեսական անհրաժեշտությամբ, քանի որ այն թույլ է տալիս կապիտալիստական համակարգին անընդհատ հետաձգել իր ճգնաժամը: Սա այս հարցի երկրորդ կողմն է, որը սակայն, գրեթե միշտ մնում է ստվերում:

Ոչ մեկ չի վիճում, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում կա սոցիալական անարդարություն, սակայն դա ինքնաբերաբար չի առաջացնում բարեգործության հանդեպ բացասական վերաբերմունք, խոշոր կապիտալի բարեգործության մերժում:

Արևմուտքում (ինչպես արդեն ասացի լիբերալ-կոմունիստները շատ նորարար են) խղճի և ցանկությունների բավարարման խնդիրը լուծվում է յուրահատուկ ձևով: Կա Toms Shoes կոշիկի արտադրության ընկերություն: Այն առաջարկում է ամեն մի գնած կոշիկի գումարից մեկ կոշիկ ուղարկել Աֆրիկայում բնակվող աղքատ մեկին: Ստացվում է, որ մարդը գնում է ոչ միայն կոշիկ, այլ նաև՝ սպառողականության մեղքի թողություն միաժամանակ: Արևմուտքի քաղաքակրթված անձի հակասպառողական պարտավորությունն ու սոցիալական պատասխանատվության զգացումն արդեն ներառված է արժեքի մեջ: Այլևս պետք չէ բողոքել, պահանջել օրենքների ընդունում, բոյկոտել արտադրությունները, որտեղ շահագործվում են երեխաները, գնորդն արդեն շատ բան է արել Աֆրիկայի համար և նրա խիղճը կարող է հանգիստ լինել:

Սպառողականությունը խթանում է ցանկությունը, ձգտումը, նախասիրութունները, կյանքի ոճի մասին պատկերացումները՝ ծնելով նոր տեսակի սպառողներ: Սպառողը ձգտում է ունենալ մի բան, ինչի կարիքը չունի:

Էդվարդ Բերնեյսը (փիառ տեխնոլոգիաների հիմնադիրը) հասկացել էր, համենայն դեպս առաջինն էր, ով գրում էր, որ թեպետ մարդու բնական կարիքները սահմանափակ են, բայց նրա ցանկությունները՝ անսահմանափակ են: Տիպիկ սպառողը սպառողականության միջոցով փնտրում և գտնում է ինքն իրեն, իր անհատականությունը: 1920-ական թվականներին գովազդային մի հայտնի պլակատ ասում էր՝ «ի՞նչ կա ձեր մեջ բացառիկ և յուրահատուկ, որը մնում է չբացահայտված»: Հետևաբար սպառողը անհատականություն է իր սահմանումով և ամենասկզբից հակադրվում է քաղաքացուն, այն կոլեկտիվ բողոքի ձևավորման հակաթույնն է:

1928թ Բերնեյսին նախագահ Գուվերը ասել է. «Դուք մարդկանց վերածել եք երջանկության անհագ ավտոմատների»: Նա էլ իր հերթին հասկանում էր, որ դրանով քաղաքացիներին, որոնք կարող են գործող ռեժիմի համար վտանգավոր լինել, վերածել է անվնաս, անատամ սպառողների:

«Հետագայում գովազդային ինդուստրիան շարունակում է խաղալ երկակի՝ տնտեսական և քաղաքական դերակատարում: Քանի որ այն դիմում է ոչ թե ընդհանուր ձգտումներին և ցանկություններին, այլ միայն անհատի ձգտումներին, այն ապակենտրոնացնում է հանրությունը: Այն բացառիկ գնորդին խոստանում է ոչ թե ընդհանուր բարեկեցություն, այլ ընդհակառակը՝ հնարավորություն խուսափել ընդհանուր ճակատագրից և դառնալ այն բացառիկ հաջողակը, որը կարող է իրեն թույլ տալ այս լավ, նոր և յուրահատուկ ապրանքը»:

Հայաստանում, խոսքը մեծամասամբ վերաբերում է Երևանի բնակչությանը, մարդկանց խիղճն այդքան հասուն չէ, որպեսզի բոյկոտեն որևէ ապրանք միայն այն պատճառով, որ այն արտադրվել է անմարդկային պայմաններում: Եվ քանի որ այս մոտեցումը գերիշխող է, մարդիկ չեն կարևորում կյանքի որակի համար այնպիսի պայման, ինչպիսին է սոցիալական արդարության հարցն ամբողջ հասարակության համար: Այս պայմաններում բարեգործությունը մարդկանց մոտ միայն ժպիտ է առաջացնում:

1.Արվեստի պատմաբան, կուրատոր

2.Անժելա Հարությունյան, «Պետության խորհրդանիշներն ու նարատիվները Երևանի քաղաքային լանդշաֆտում», 41 էջ, Հանրային ոլորտ, վիճարկման և վերըմբռնման միջև, 2007թ.

3.Մալքոլմ Մայլս, «Տեղահանված հուշարձաններ և հանրային ոլորտներ», 54 էջ, Հանրային ոլորտ, վիճարկման և վերըմբռնման միջև, 2007թ.

4.Բնության և հասարակության մասին գիտության միջազգային ակադեմիայի և Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության համատեղ հանդիսավոր նիստի ժամանակ, 2009թ.

5.Սլովենացի մշակութաբան, փիլիսոփա, 1949թ.

6.Slavoj Zizek. “We don’t need the charity of rich capitalists”, 2012

7.Լարիսա Փարեմուզյան, «Մուլտի Գրուպը սկսել է լայն թափով շահագործել Մղարթի ոսկու հանքավայրը», www.hetq.am, 2009թ.

8.Olivier Malnuit, “The ten commandments of liberal communist”, 2012

9.Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ժամանակակից արվեստի ինստիտուտի դասախոս

10.Արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի դասախոս

11.Վարդան Ազատյան, «Ազգայինը և հակասությունները», հարցազրույց, 2012թ., 31-րդ րոպեից

12.Андре́ Горц “Нематериальное. Знание, стоимость”

Լենա Նազարյանը,ծնված 1983թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանը և «Ժամանակակից արվեստի ինստիտուտը»: 2009թ.-ից աշխատում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ծրագրի համակարգող: 2010թ.-ից ներգրավված է եղել տարբեր քաղաքացիական խմբերում, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ է:

Հեղինակ` Լենա Ղազարյան

Աղբյուրը`Քաղաքական դիսկուրս

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին