Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծնվել է 1950թ. մարտի 21-ին։
Հայտնի է, որ նրա հայրը թիֆլիսեցի հայ է և կրել է Քալանթարով ազգանունը։
Նա ծնվել ու մեծացել է Թիֆլիսի Արարատյան փողոցում։ Երբ Լավրովը նախադպրոցական տարիքում էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։
Դեռեւս 2005թ., երբ Երեւանի Սլավոնական համալսարան կատարած այցի ժամանակ ուսանողները Լավրովից հետաքրքրվել էին, թե արդյո՞ք իրեն չի խանգարում հայկական ծագումը, նա պատասխանել էր.
«Ես արմատներով Թիֆլիսից եմ։ Իմ մեջ հայկականն արյուն է հոսում եւ այն ինձ բացարձակապես չի խանգարում»։
Չնայած հայկական ծագմանը, Լավրովը չի տիրապետում հայերենին։ Նրա ծնողները եւս ռուսախոս են եղել։
Լավրովի մայրն աշխատել է ԽՍՀՄ Արտաքին առեւտրի նախարարությունում։
Սերգեյ Լավրովն ամուսնացել է երրորդ կուրսում`իր կյանքը կապելով ռուսաց լեզվի եւ գրականության ապագա ուսուցչուհի Մարիայի հետ։
«Ես միանգամից նկատել էի Սերյոժային. գեղեցիկ, բարձրահասակ, ամրակազմ, իսկ երբ երեկույթներին վերցնում էր կիթառն ու կատարում Վիսոցկու երգերը, աղջիկները խելքահան էին լինում»,- հիշում է նրա կինը։
Լավրովների միակ դուստրը ծնվել է Նյու Յորքում, երբ Սերգեյ Լավրովն աշխատում էր ՄԱԿ-ում։
Եկատերինան ամուսնացել է Ալեքսանդր Վինոկուրովի հետ, ում հայրը դեղագործական մագնատ է։ Նրանք ունեն որդի։ Այժմ Լավրովի փեսան հանդիսանում է «Группа Сумма» հոլդինգի նախագահ եւ «Новороссийский морской торговый порт»-ի տնօրենների կազմում է։