▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է իրականում «Վեցերորդ զգայարանի» շաման Ֆերնանդոն, ինչպե՞ս նա խաբեց բոլորին և որտե՞ղ է այժմ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հենց սկզբից ասեմ, որ երբեք էլ չեմ հավատացել հեռուստատեսային էքստրասենսների, շամանների, մոգերի և նմանօրինակ շառլատանների գոյությանը։ Երբ իմացա, որ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվելու է ռուսական «Битва экстрасенсов»-ի հայկական տարբերակը, մոտավորապես պատկերացրեցի, թե ինչ կարելի է սպասել։

Բայց այսօր բուն հաղորդման մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ դրա երրորդ եթերաշրջանի դերակատարներից մեկի` շաման Ֆերնանդոյի։ Երեկ պատահմամբ ծանոթներիցս մեկն ասեց, որ շամանին տանում են բանակ։ Նա ինքն էլ էր անակնկալի եկել, քանի որ Ֆերնանդոն ծանոթանալուց ներկայացել էր 26 տարեկան, իսկ վերջին օրերին կարճ կտրած մազերը մեկնաբանել էր, որ Հոլանդիա է գնում և 6 ամսից կգա։ Նա բոլորի հետ ծանոթանալուց և մտերմիկ զրուցելուց հետո մի «գաղտնիք» էլ էր բացում։ Համեստորեն ասում էր, որ, ուշադրություն, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱ Է։ Այստեղ մի բան կարելի է ասել. բա մարդ էլ իսրայելական բանակի սպայի կոչումը կթողի՞, կգա ստեղ, էկրաններից շամանություն կանի՞։

Քանի որ հաղորդաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշեցի այնուամենայնիվ, ծանր տեղս թեթևացնել և հետաքրքրվել երիտասարդով։ Դեռևս երրորդ եթերաշրջանի սկզբում Մուրադյան Հրաչն ասել էր, որ Ֆերնանդոն Իսրայելից է եկել։ Գուցե։ Նրա ֆեյսբուքյան էջում, չնայած հակասական, բայց այնուամենայնիվ իսրայելական հետքեր կան։ Օրինակ դպրոցը, որտեղ նշված է, որ ընդունվել է 2000–ին և ավարտել 2012–ին։ Միջնակարգ կրթությունն Իսրյալելում իրոք 12 տարի է, բայց մաթեմատիկայի ամենատարրական գիտելիքների տերն էլ կարող է հաշվել, որ 26 տարեկանը, այսինքն 1990-91 թ.–ին ծնվածը 2000 թ.–ին չի կարող դպրոց գնալ։ Այն էլ այն դեպքում, երբ դպրոց գնալու տարիքը Իսրայելում 6 տարեկանն է։ Իմ աղբյուրներով պարզեցի նաև, որ Ֆերնանդոյի մայրը հրեա է։


Շամանի ֆեյսբուքայն պրոֆիլում մի իսրայելական բանակի զինվորի նկարի հանդիպեցի, ով պրոֆիլից շատ նման էր իրեն, բայց սուտը այնքան շատ էր, որ որոշեցի դա էլ ճշտել և չսխալվեցի։

Լուսանկարում իսկապես իսրայելական բանակի զինվոր էր, բայց այն արված էր 2009 թ.–ի հունվարի 19–ին, Գազայի հատվածից Իսրայել վերադառնալու ճանապարհին։ ԼուսանկարըREUTERS գործակալությանն էր, լուսանկարիչը`Amir Cohen–ը։ Այն  REUTERS–ի կողմից 2009 թ–ի տարվա լավագույն լուսանկարներից մեկն էր ճանաչվել։ Հիմա կասեք, որ շատ հնարավոր է աշխարհահռչակ լուսանկարում հենց մեր շամանն է, քանի որ 2009–ին նա 18-19 տարեկան է եղել, և շատ հնարավոր է, որ ծառայելուց է եղել Իսրայելի բանակում` Ցահալում։ Չեմ շտապի համաձայնվել, որովհետև հաջորդ բացահայտումս իմ համար էլ էր անակնկալ։ Պարզվում է մեր շամանը խաբել է նաև իր անվան հարցում, խաբել երևի թե բոլորին։ Գուցե նրան դուր է գալիս իսպանական ծագման Ֆերնանդո անունը, բայց իրական անունն ավելի հայեցի է։ «Վեցերորդ զգայարանի» շաման, մեծն մոգ և ազատ ժամանակ անհաջող երգիչ Գաբրիելի սան (շամանն էր այդպես պնդում) Ֆերնանդո Աբգարյանը ոչ այլ ոք է, քան Վահան Աբգարյանը, ով ծնվել է 1997 թ.–ի հոկտեմբերին։

Նա 26 տարեկան չէ, նա Ցահալի սպա չէ, և խիստ կասկածում եմ, որ նա ինչ որ կապ ունի շամանության կամ մոգության հետ։

Նա նորակոչիկ Վահան Աբգարյանն է, ով այսօր մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, քանի որ լրացել է նրա 18 տարին։

Հայազգի առաջին շամանը իր ծառայության 2 տարին կանցկացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Բարի ծառայություն մաղթենք նրան և թող իր` հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի ուժն ու կարողություններն օգտագործի թշնամու դեմ պայքարում։

Եվ վերջում, հիշենք Վահանի, ներողություն այդ ժամանակ դեռևս Ֆերնանդոյի ամենադրամատիկական դերերից մեկը` «Վեցերորդ զգայարան» աղմկահարույց հաղորդման շրջանակներում։ Վայելեք...

Skandalist

BlogNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին