«ԱԼԳԱ» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյանն իր վստահորդների պահանջով դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ղեկավարներին:
Նամակներում մասնավորապես նշված է.
«Այն, որ Ադրբեջանը դե ֆակտո հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի սեփականատեր, դա հաստատված փաստ է և չի հերքվում հենց նույն բանկի կողմից և հրապարակված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում:
Սույն հանգամանքն իրական սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգությանը և լրջագույն իրավական խնդիրներ է առաջացնում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների և հաճախորդների համար:
Ադրբեջանը, որպես բանկի սեփականատեր անարգել տիրապետում է՝
Հաճախորդների և աշխատակիցների անձնական տվյալներին և նրանց դրամաշրջանառությանը:
Բանկից են ստանում իրենց աշխատավարձները ՀՀ ուժային կառույցների աշխատակիցների մի մասը, իրենց թոշակն են ստանում նաև պահեստազորի սպաները և ՀՀ թոշակառուները:
Բանկը միայն իր տրամադրած վարկերով և նրանց վերլուծությամբ առանց խոչընդոտի վերլուծում է ՀՀ տնտեսության իրական վիճակը, առկա հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները:
Փաստացի բանկի աշխատակիցներն անկախ իրենց կամքից դարձել են Ադրբեջանի աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում նրանից, իսկ հաճախորդները սպասարկելով իրենց վարկերը, անկախ իրենց կամքից ֆինանսական օգնություն են ցուցաբերում թշնամական պետությանը՝ Ադրբեջանին, որը վերջինների համար հղի է իրավական հետևանքներով:
Իրավական խնդիրներ են առաջանում նաև ՀՀ դատարանների համար՝ վերջինները հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի վճիռներ կայացնելիս՝ փաստացի Հայաստանի Հանրապետության անունից վճիռներ են կայացնում հօգուտ մեր թշնամի պետության՝ Ադրբեջանի»,- նշված է նամակներում: