Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղից է: 20-ամյա երիտասարդը մեկ տարվա զինծառայող էր: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Փանիկ գյուղի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը:
«Ընտանիքը գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում: Եղբայրը ծառայությունն ավարտել է, հոր հետ գնացել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, նույնիսկ ձմռանը չեն կարողացել գալ:Հիմա տանը գտնվում են միայն Սիմոնի մայրն ու տատը»,- պատմեց գյուղապետը՝ հավելելով, որ հայրը չգիտի, որ որդին զոհվելէ, նրան ասել են, որ Սիմոնը պարզապես վիրավորվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: