Կիսլովոդսկում ձերբակալել են 14-ամյա աշակերտուհու սպանության մեջ կասկածվողին: Ալեքսանդրա Օ.-ի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին: Ինչպես հայտնում են Lifenews-ը, աղջկան քարերով մահացու ծեծի են ենթարկել:
Դաժան հանցագործության իրագործման մեջ իրավապահները կասկածում են 19-ամյա Արտյոմ Հակոբյանին: Կատարվածից մեկ օր անց տղան հսոցիալական ցանցում նամակ է հրապարակել, որում խոստովանել է, որ աղջկան սպանել է անպատասխան սիրո պատճառով: Նույն գրառման մեջ նա նաև հաջողություն է ասել բոլորին՝ հայտարարելով, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել:
«Այս ամբողջ ընթացքում իրավապահներն աշխատում էին Հակոբյանի գտնվելու վայրը գտնելու եւ նրան ձերբակալելու ուղղությամբ: Նա ամեն կերպ փորձել է իրավապահներին շեղել ճիշտ ճանապարհից, նույնիսկ սոցցանցում ինքնասպանություն գործելու մասին տեղեկություն է հրապարակել, ինչից հետո անհետացել է, որպեսզի կասկած չմնա, որ ինքն այլեւս ողջ չէ»,- նշել են ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի վարչությունում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: