▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աֆրիկայում «Երևան» հիպերմարկետ ստեղծողը շուտով կլինի Երևանո՞ւմ. պարզաբանում է Վրույր Փենեսյանը

BPA ընկերությունը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» հետ համատեղ արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնում է «Ինվեստ Արմենիա» ծրագիրը` բիզնես ֆորումը: Այս մասին Asekose.am-ին հայտնեց  BPA  ընկերության նախագահ և «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:

«Բիզնես ֆորումի շրջանակներում հավաքվելու են Հայաստանի խոշոր գործարարները, պետական գործիչները, ինչպես նաև ունենալու ենք հյուրեր արտերկրից: Քննարկվելու են տնտեսությանը միտված առաջարկներ, ծրագրեր, նաև հնարավորություն ենք ունենալու մասնագետների կողմից վերլուծականներ լսելու»,-նշեց  Վրույր Փենեսյանը:

Ապրիլի 22-ին կայանալիք  բիզնես ֆորումն ունի  երեք հիմնական թեմա.

«Առաջին թեման ԵՏՄ-Իրան-Հայաստան համագործակցության քայլերը և ծրագրերն  են, որոնց ժամանակ բացի հայաստանյան պաշտոնատար անձանցից՝ հյուրեր կլինեն նաև Իրանից և  ԵՏՄ-ից, որպեսզի միասին հասկանանք, թե ինչ հնարավորություններ  կարող են մեզ համար բացվել: Երկրորդ հիմնական թեման 2016-2018 թթ. Հայաստանի համար տնտեսական կանխատեսումներն են: Ֆորումի երրորդ թեման էլ կլինի միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունները»:

Վերջին թեմայի վերաբերյալ Վրույր Փենեսյանը նշեց, որ այս շրջանում բանակցություններ են տարվում, որոնց մասին մինչ օրս դեռ չի բարձրաձայնել.

«Հրավիրվածների շարքերում լինելու են մարդիկ, ովքեր միջազգային առևտրային ցանցերում աշխատելու անձնական փորձ ունեն, այսինքն՝ լինելու է ընկերություն, որը  չինական շուկային ծանոթ է և կարող է հայ գործարարներին ներկայացնել, թե ինչ պայմաններում են աշխատում Չինաստանում: Այդ տեսանկյունից լինելու են հյուրեր Գերմանիայից և Ռուսաստանից, ինչպես նաև աշխատանքներ են տարվում, որպեսզի հրավիրենք Մարտին Չիֆթեյանին, մարդ, ում մասին Հայաստանում քչերը գիտեն, սակայն նա Աֆրիկայում ստեղծել է  հիպերմարկետների ցանց, որի անունն էլ դրել է «Երևան»: Այս մասին առաջին անգամ եմ խոսում, միայն հավելեմ, որ ներկայումս  նրան հրավիրելու համար համապատասխան բանակցություններ են տարվում: Կարծում եմ, եթե ամեն ինչ հաջողվի, սա  հետաքրքիր կլինի երկու կողմերի համար էլ»:

Զրույցի ընթացքում Վրույր Փենեսյանը նշեց նաև, թե որքանով է արդյունետ ֆորումների անցկացումը.

«Բիզնես ֆորումը մի հարթակ է, որի միջոցով կարող ես լսել ոչ առօրյա կարծիքներ, այսինքն՝ առաջարկներ պետական կառույցների, գործարարների կողմից: Հարց ու պատասխանների, առաջարկների միջոցով կարող ենք հանգուցալուծման գալ, կարող ենք քննարկել նոր գաղափարներ. բիզնես ֆորումն իր տեսակով կամուրջ է դառնում մասնակիցների համար: Ի վերջո, վերհիշելով նախորդ տարվա փորձը, պետք է փաստենք, որ հենց տվյալ ֆորումի միջոցով գործարար կապեր են ստեղծվել, որոնց շնորհիվ էլ ներկայումս համագործակցում  ենք տարբեր երկրների արդյունաբերական պալատների հետ, իհարկե, այսքանով մեր համագործակցությունները և նպատակները չեն ավարտվում»:

Հավելենք, որ բիզնես ֆորումը կայանալու է ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, «Թումո» ստղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Մուտքը հրավիրատոմսերով է, սակայն լինելու են նաև տոմսեր, որոնք ցանկացողները կարող են ձեռք բերել BPA ընկերության միջոցով: Նշենք, որ BPA ընկերությունը տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն ներդրումային, գործարար ծրագրեր, առաջարկում է դրանք ներկայացնել իրենց՝ համապատասխանաբար տեղական և օտարերկրա հնարավոր ներդնողներին ներկայացնելու և ներդրումների ներգրավման նպատակով: Ծրագրի համար անհրաժեշտ պահանջների մասին կարող եք ծանոթանալ BPA ընկերությունից:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին