▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա երբեք էլ ինձ համար PR-ի տարբերակ չի եղել. Արմեն Վահրամյանն անկեղծանում է

«Ես իմ նկարներով փորձում եմ մարդկանց մեջ բարի զգացումներ սերմանել, քանի որ ասում են, որ լավ նկարը կարող է հանցագործին լավ մարդ դարձնել»:

Այս միտքը պարզապես բառերի սովորական շարան չէ. նկարիչ Արմեն Վահրամյանն իր գործունեությամբ ամեն օր ապացուցում է իր իսկ կողմից արտահայտած այս մտքի իրավացիությունը: Նկարիչը բազմաթիվ բարեգործություններ է արել ու շարունակում է անել, սակայն մշտապես խուսափում է այդ մասին բարձրաձայնելուց՝ գտնելով, որ մարդը բարեգործությամբ է զբաղվում նախևառաջ իր համար: Asekose.am-ի հետ անկեղծ զրույցի ընթացքում նկարիչը պատմել է բարեգործության մասին իր պատկերացումների, իր հոգեկան աշխարհի վրա ունեցած դրա ազդեցության, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաների համար նվիրաբերած նկարների մասին և ոչ միայն:

«Բարեգործություններ սկսել եմ անել դեռևս 2003-2004թթ.-ից: 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ ցուցահանդես եմ բացել Աթենքում, որից ստացված ողջ հասույթը նվիրաբերել եմ մեր պառաօլիմիպիկական թիմին: Անցյալ տարի բարեգործական մի փոքրիկ նվիրատվություն արել եմ նաև մեր հայոց բանակին»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Արմեն Վահրամյանը:

Նկարիչն այսօր էլ շարունակում է իր բարեգործությունները. օգնում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հիվանդ երեխաներին:

«Բարեգործությունները լինում են ինչպես նկարների, այնպես էլ գումարի տեսքով: Այս դեպքում բարեգործությունն իրականացվում է նկարների տեսքով, ես այդ նկարները նվիրաբերում եմ՝ ցանկանալով, որ դրանք ծառայեն իրենց նպատակին: 20  նկար պետք է նվիրեմ, որոնցից 5-ի վրա դեռ աշխատում եմ»,- նշեց նկարիչը:

Թե ինչպես որոշեց նվիրատվություն անել հենց Արյունաբանական կենտրոնին, Արմեն Վահրամյանը պատմեց. «Հիմա սոցիալական ցանցերում հաճախ կարելի է բախվել հիվանդ երեխաների լուսանկարների, ովքեր օգնության կարիք ունեն, ում համար բացվում են հաշվեհամարներ: Ես որոշեցի, որ կոնկրետ երեխայի օգնելու փոխարեն կարող եմ օգնել շատերին: Այս գաղափարը ներկայացրի ինստիտուտի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին և Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ովքեր մեծ ուրախությամբ ընդունեցին առաջարկս»:

Տեսակով զգացմունքային նկարիչը խուսափում է երեխաների հետ հանդիպումից, մտածում է, որ անգամ կարիք չկա, որ երեխաներն իր անունը իմանան:

Նրա համար այս բարեգործությունը տարբերվում է նախորդներից նրանով, որ դրանք առաջին հերթին ծառայելու են հիվանդ երեխաների առողջությունը վերականգնելուն:

«Կարծում եմ, որ այս նկարներն ինչ-որ բան կփոխեն երեխաների մեջ: Եթե անգամ նրանք, այդ նկարներին նայելով, մի պահ մոռանան իրենց հիվանդության մասին ու ժպտան, դա արդեն իսկ նշանակում է, որ գործն իր նպատակին է ծառայել»,-անկեղծացավ պրն. Վահրամյանը, ապա հավելեց. «Այդ նկարները կախվելու են մանկական բաժնում, հետևաբար՝ դրանք ունեն որոշակի թեմատիկա. դրանցում պատկերված են ընտանիք, երեխաներ, արև, այլ կերպ ասած՝ փորձում եմ երեխաներին վերադարձնել այն հեքիաթը, որոնք միգուցե նրանք կորցրել են իրենց հիվանդության պատճառով»

Բարեգործությամբ զբաղվելը նկարչի համար երբեք PR-ի տարբերակ չի եղել ու չի էլ լինի, քանի որ նա պարզապես դրանով հոգեկան ահանգստություն է ձեռք բերում. «Ինձ համար դա PR չի եղել ու երբեք էլ չի կարող լինել: Ես դա անում եմ նախևառաջ ինձ համար: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ կարողանում եմ օգնել այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն, նրանց կրկին հույս ներշնչել: Եթե կարող ես օգնել գոնե ունեցածիդ չափով, ապա ինչու՞ չանել», -Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց նկարիչ Արմեն Վահրամյանը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ Արմեն Վահրամյանը իրենց՝ արդեն 5-6 տարի գործող գեղանկարչության ծրագրի ակտիվ մասնակիցներից է, ում նկարչական ձեռագիրը հնարավոր չէ շփոթել: Պրն. Երիցյանը ուրախությամբ նշեց, որ բազմազբաղ այդ մարդը կարողանում է զբաղվել նաև բարեգործությամբ:

«Ամենակարևորն այն է, որ դա անում է ոչ հրապարակավ: Ամեն անգամ նա հանդես է գալիս նման առաջարկություններով: Նրա շնորհիվ կայանալու են Ախթալայի ու Բերձորի պատկերասրահներըը, որոնց մեծ թվով նկարներ ունի նվիրած»,- նշեց պրն. Երիցյանը, ապա հավելեց. «Շատ հուզվեցի, երբ իմացա, որ նա նվիրատվություն է արել նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, հավատացած եմ, որ դա նրանց մեջ ապագայի նկատմամբ հույս և հավատ կծնի»:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Ստորև ներկայացված են նկարներից մի քանիսը, որոնք Արմեն Վահրամյանը նվիրաբերել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին

Կարդացեք նաև՝ Արմեն Վահրամյանը բացահայտում է, թե ինչպես է լավ նկարը հանցագործին լավ մարդ դարձնում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին