▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված Ռոբերտ Աբաջյանի տան շեմքին` ոտքի տակ ադրբեջանցի զինվորականի ուսադիր է գցած

Արցախում զոհված Ռոբերտ Աբաջյանի տան շեմքին` ոտքի տակ ադրբեջանցի զինվորականի ուսադիր է գցած

armtimes.com-ը գրում է. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ եւս մեկ անուն, մյուս բոլորից ամենաերիտասարդը, թվով 24-րդը: Մայիսյան եռատոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը: Ռոբերտի «Ոսկե արծիվ» շքանշանը Լեռնային Ղարաբաղում ստացել են նրա ծնողները: Մեր օրերի հերոսը ծառայել է Մարտակերտում: Հակառակորդի հետ կռիվ է տվել մինչեւ վերջին փամփուշտը, չի հանձնվել, չի նահանջել, իսկ վերջում իր մոտ եղած միակ նռնակով պայթեցրել է ե´ւ իրեն, ե´ւ հակառակորդի մոտ տասնյակ զինվորների:

«Մեզ տարան, ցույց տվեցին, թե որտեղ է այդ ամեն ինչը կատարվել, բացատրում էին, որ այս թմբից այն կողմ իրենք են, այս կողմը մերոնք են... Այնտեղ կռվածները բոլորն են հերոս, ուղղակի Ռոբերտը... չգիտեմ, հերոսացավ: Ռոբերտի արարքը... Մինչեւ վերջին վայրկյանը հեռախոսով խոսել է իր գնդի հրամանատարի հետ, զեկուցել է, որ մենակ եմ մնացել, Ուրֆանյանը Քյարամի հետ այնտեղ է զոհվել, վիրավորված Անդրանիկին բերել եմ իմ կողքը, Անդրանիկն էլ է զոհվել: Այնտեղից ասել են` մենք գալիս ենք, դիմացիր: Զեկուցել է` մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ իրենց, երբ գան, ես իրենց մաման... Ով էլ որ այս դիրքը հանձնի... Ես այս դիրքը չեմ հանձնելու»,- պատմեց Ռոբերտի հայրը` Ալեքսանդր Արզումանյանը:

Արցախի ընդամենը 19-ամյա հերոսն ընտանիքի երկրորդ եւ կրտսեր որդին էր: Աշխույժ, կենսուրախ, մշտապես շարժուն, բոլորին օգնելու պատրաստակամ այս տղան կարծես շարունակ շտապել է` կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու: Ծնողներն ասում էին, որ նա հաճախ է իրենց զարմանալու առիթներ տվել: Իր սխրանքով նույնպես զարմացրել է ու նաեւ հպարտանալու առիթ տվել: Բայց նրանք միեւնույն ժամանակ ասում են, որ երանի ինչ-որ հրաշքով որդին վերադառնար, իրենց կողքին լիներ, նրա համ ու հոտն առնեին, ու իրենց համար նա էլի´ հերոս կլիներ, ինչպես որ միշտ է եղել: «Բոլորը ասում են` հպարտացիր, հպարտացիր: Ինչ-որ տեղ հպարտանում ես իհարկե, բայց դե որ երեխան մեզ հետ չէ...»,- տխրում է Ալեքսանդր Աբաջյանը: «Ինքը միշտ էլ մեր հպարտությունն է եղել, դրանով չէ, որ հպարտանալու էինք իրենով, մանկապարտեզում էլ էր հերոս, դպրոցում էլ էր հերոս, քոլեջում էլ էր հերոս, հետո ընդունվեց ինստիտուտ»,- ամուսնուն լրացրեց Աննա Աբաջյանը: Միայն թե այժմ Ռոբերտը ոչ միայն իր ծնողների հերոսն է, այլեւ մի ամբողջ ժողովրդի: Մեր բոլորիս փոքրիկ հերոսը` կապտագույն աչքերով:   

 Ու հաշվի առնելով նրա հնարամիտ, ժիր ու առույգ բնավորությունը, պատերազմական օրերին հարազատների մտքով անգամ չի էլ անցել, որ Ռոբերտը կարող էր զոհվել. «Ասում էինք` հնարավոր չէ, ինքը մի բան արած կլինի, գլխի ճարը տեսած կլինի: Հետո որ մի քիչ շատ տեւեց լուր չունենալը, ասում էինք` կարող է այնպիսի տեղ է, որ հնարավոր չէ կապ հաստատել: Մտքներովս երբեք չէր անցնում` իր խառնվածքը իմանալով, որ նման բան կարող էր պատահել»:

Տղան զոհվել է ապրիլի 2-ին: Ընտանիքի անդամներին այդ բոթը հայտնվել է ապրիլի 8-ին: Ռոբերտի եւ նրա զինակից ընկերոջ` Անդրանիկ Զոհրաբյանի մարմինները գտնվել են միայն օրեր անց, երբ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Կարմիր Խաչի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, հայկական եւ ադրբեջանական կողմերն իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ:

Երեկ մեր այցելության պահին Ռոբերտի ապրած տան շեմքում ուսադիր էր ընկած: Նրա հարազատները պարզաբանեցին, որ դա ադրբեջանական բարձրաստիճան զինվորականի է պատկանել: Հատուկ նշանակության ջոկատի հետախուզությունը, սահմանն անցնելով եւ զինվորականին ոչնչացնելով, ուսադիրներից մեկը բերել են իրենց, մյուսը` վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին` որպես լուծված վրեժի վկայություն: Ասացին, այդպես էլ ոտքի տակ ընկած մնալու է, մինչեւ որ հաջորդ անգամ այցելեն Ռոբերտի գերեզման եւ ուսանդիրը դնեն նրա ոտքերի տակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին