Lragir.am լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը հաղորդագրություն է տարածել, որ Ոստիկանությանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին։ Լրագրողը նաև նշում է, որ Սարի թաղում բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով անձանցից մեկի կողմից ինքը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում սպառնալիքներ է ստացել։
Թեհմինե Ենոքյանի տարածած հաղորդագրությունը ներկայացվում է ամբողջությամբ.
«Հարգելի ՀՀ ոստիկանություն ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են Հուլիսի 29-ին սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. "Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ":
Սույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտաբերվել Է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակիցԳագո Զոհրաբյանն է:Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին:
Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ, Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:
Կից ուղարկում եմ ձեզ կայքի լուսանկարները, ինչպես նաև կցում եմ սպառնալիք պարունակող գրառման մասին փաստող լուսանկար:
Հարգանքներով Թեհմինե Ենոքյան»: