▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր «մեր հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր,  Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու` Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է, իսկ Արթուրն անազատության մեջ է՝ կալանավորված երկու ամսով: 

Ֆեյսբուքյան օգտատերերը շնորհավորում  են իր արարքով՝ կյանքի գնով տղաներին հաց հասցնելով, շատերին ոգևորած ազնիվ քաղաքացուն ու  պահանջում են ազատ արձակել նրան: 

Ֆեյսբուքյան գրառումներից ներկայացնում ենք երկուսը.

«Հանրապետության հրապարակի համապատասխան տեղում քսանհինգ տարի մարդիկ արձան են ուզում տեսնել։ Երեւի դա այն մեկի արձանն է, ով մեր օրերի եւ մեր ժողովրդի քաջության, մարդկայնության, համեստության, անձնազոհության, սրտացավության եւ արդարության մարմնացումն եղավ։ Շատերին ավելի անսպասելի, քան Սասնա Ծռերի հայտնությունն էր, որ միլիոնավոր հասարակների միջից, սուսուփուս, իր որոշածն իր համար արդարության ճանապարհ փռած, կարեցածը դավանանք արած, կոտոշը տնկած, փաթթած ունեցած ամեն ինչ ու բան, գնաց իր ճշտի ետեւից, ապացուցեց, որ չենք մեռել, ու վաղ է մեզ թաղել, անիմաստ է համոզել մեզ, թե ամեն ինչ ավարտվել է եւ ճիշտը գաղթն է։ Այս մարդն է մեր վերածննդի խորհրդանիշը եւ կամքը եւ հույսը եւ հավատը եւ սերը, այս մարդկանցով ենք հազար քացու տակից ելել, ծեծված ու ջարդված, հալածական եւ կամակոր, զոռբա ու կողավոր, կանգնել բոյով մեկ ու ասել՝ դե խփի, բոզի տղա, Հրանտի ասածի պես, ու զարկել են ու ձեռները ցավել է։

Դատելու են էս մարդուն, փակելու են, հակամարդկային համակարգին դեմ աններելի բան անելու համար. եթե տասը հոգու գնդակահարեր, այսպես տմարդի չէին վարվի հետը, ինչպես հիմա են վարվում, նստեցնելու են, իսկ հետո մենք ձեռների վրա ենք հանելու նրան բանտից, գլխներիս վրա ենք պահելու ու նեղվելու է, թե նման բան մի արեք՝ ես մեկն եմ ձեզնից։

Չխղճաք այս մարդուն երբեք, այս մարդը բոլորիս զորության նոր ակունքն է անսպառ։ Նրան խղճալը վիրավորում է մեր ազգային եւ մարդկային արժանապատվությունը ու թուլացնում է մեզ, պատմեք ձեր երեխաներին եւ թոռներին, թե ինչ է արել նա մեզ բոլորիս, այս չարչրած հողի ու մեր հույսերի համար։ Ամեն անգամ, երբ Սասունցի Դավթի եւ մյուս ծռերի պատմությունը կպատմեք ձեր զարմին, ասեք՝ այս մեկն էր, որ շարունակեց մեզ եւ կանք նաեւ իր շնորհիվ։

Շնորհավոր տարեդարձդ Արթուր տղա !!!»,-գրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Օգոստոսի 9-ին, այսինքն՝ արդեն այսօր, ծնվել է Արթուր Սարգսյանը։ Հիմա նա բանտում է։ Բանտում է, որովհետեւ հաց է հասցրել քաղցած մարդկանց։ Զարմանալի բան չկա, եթե հիշենք, թե ով է հիմա Հայաստանի ղեկին։ Շնորհավորում եմ, առողջություն եմ մաղթում ու ափսոսում եմ շատ, որ իմ կյանքում Արթուրի նման Մարդը պակասել է։ Ուրիշ նվիրելու բան չունեմ, ու Չարենցի իմ սիրած էս բանաստեղծությունն եմ նվիրում Արթուրին։

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…»-գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին