Եվ այսպես, մենք ունենք նոր վարչապետ՝ 14-րդը. Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:
Այս որոշմանն ընկերներիցս մեկն արձագանքեց հետևյալ կերպ՝ Փաստորեն, դառնում ենք Սինգապուրի հայկական հանրապետություն...
Սինգապուրի մասին առաջինը ՀՀԿ-ականներն էին խոսել ու ժողովրդի խոստացել, որ ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը Սինգապուր է դարձնելու՝ իր համարձակ տնտեսական քայլերով:
Նրանց համար, ովքեր գիտեն, ասեմ՝ Սինգապուրը «տնտեսական հրաշքի» օրինակն է, որի հայրը Լի Կուան Յուն է, ով 40 տարվա ընթացքում Սինգապուրն «աշխարհի երրորդ» երկրից վերածեց ամենազարգացածներից մեկը:
Բայց մեզ , հայերիս, կարծես Սինգապուր պետք չէ, այլ այն , ինչ ենք կարողացել ստեղծել մեր երկրի անկախության 25 տարիների ընթացքում:
Դրա համար էլ, գրող Էդգար Կոստանդյանը, լավ է ասել. «Հայաստանը, նախքան Սինգապուր դարձնելը, Հայաստան դարձրեք: Բայց դա կապ չունի, մեկ ա սիրում եմ ձեր կրեատիվը...»:
Իսկ հրապարակախոս Հրանտ Աբրահամյանն էլ ավելի մանրամասն է բացատրել.
«Հայաստանը ո՛չ Սինգապուր է պետք սարքել, ո՛չ էլ Շվեյցարիա, ո՛չ էլ՝ այլ բան: Հայաստանը Հայաստան է պետք սարքել: Բառախաղ չեմ անում, այլ լրիվ լուրջ եմ ասում: Կարող եմ հիմնավորել ու բացատրել, բայց դրա համար մի ամբողջ գիրք պիտի գրեմ: Դրա համար չեմ հիմնավորում, բայց պնդում եմ՝ հենց Հայաստանը սարքենք Հայաստան, կապրենք երջանիկ»:
Մեկ էլ, հարգելի ՀՀԿ-ականներ ու ՀՀ նոր վարչապետ, այն ինչ կա Սինգապուրում, ժամանակին կար նաև Հայաստանում՝ սկսած կոռուպցիոն ագահության բացառումից մինչև գետնին չթքել...
Այնպես էր՝ հեռու մի գնացեք ու ամենակարևորը՝ Ձեզնից ու Ձեր շրջապատից սկսեք...
Ա.Գրիգորյան