Ագա Քանքանյան անունն այսօր ծանոթ է գրեթե բոլորին, սակայն շատ քչերն են տեղյակ նրա անցած ճանապարհի մասին: Ինչպես հագուստի մոդելավորողը ժամանակի ընթացքում դարձավ ամենապահանջված դիմահարդարը, արդյո՞ք տեսնում է իրեն մրցակիցներ դիմահարդարման ասպարեզում, ինչպես եղավ Իսպանիայում դասընթացներ տալու առաջարկը, ինչպես է կարողանում համատեղել աշխատանքն ու ընտանիքը, ինչ է այսօր նրան պակասում… Այս և մի շարք այլ թեմաների շուրջ Asekose.am-ը զրուցել է դիմահարդար Ագա Քանքանյանի հետ:
-Քանի՞ տարի է, ինչ այս ասպարեզում եք: Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը դիմահարդարման ոլորտ:
-Այս ասպարեզում եմ արդեն գրեթե 20 տարի: Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ: Տարիներ առաջ, երբ դեռ դիմահարդարի մասնագիտություն որպես այդպիսին Հայաստանում լայն կիրառություն չուներ, ցուցադրությունների ժամանակ բկերպարն ամբողջական դարձնելու համար ինքս դիմահարդարում էի մոդելներին: Այդ ամենն աննկատ չանցավ շրջապատի համար, և աստիճանաբար հոբբին վերածվեց մասնագիտության:
-Երևանում Դուք բացել եք Ձեր անունը կրող գեղեցկության սրահ, որն արդեն 4 տարեկան է: Հետաքրքիր է, երբ նոր էիք քայլեր կատարում այս ոլորտում, այսչափ հաջողություններ ակնկալո՞ւմ էիք:
-Այո, արդեն 4 տարի է մեր ստուդիան սիրով ընդունում է թե' հարազատ դարձած մեր հաճախորդներին, թե' գեղեցիկ առիթների համար արտերկրից ժամանած հյուրերին: Ստուդիայի հիմնադրման գաղափարը վաղուց կար, սակայն այն իրագործեցի միայն այն ժամանակ, երբ վստահ էի, որ կարող եմ ստեղծել մի վայր, առաջարկել նոր որակ, նոր մոտեցում՝բարձր կարգի սպասարկմամբ և յուրաքանչյուրին գոհացնելու հնարավորությամբ: Ես վստահ էի, որ մեծ հաջողություն կունենա իմ նախաձեռնությունը, քանի որ այն իրագործվել էր սրտանց և մեծ եռանդով:
-Հետաքրքիր է` ո՞րն է հաջողության հասնելու Ձեր գրավականը:
Աշխատասիրությունն ու լավ թիմը:
-Այսօր Ագա Քանքանյան անունը գրեթե բոլորին է ծանոթ: Արդյո՞ք այս դաշտում տեսնում եք Ձեզ մրցակիցներ:
-Մրցակիցներ ցանկացած բնագավառում կան, և դա շատ լավ է: Մրցակցությունը մոտիվացնում է մարդուն կատարելագործվել, մշտապես ձգտել նորանոր բարձունքների: Այլ կերպ հնարավոր չէ նորաձևության աշխարհում: Պետք է ստեղծագործել, արարել, նորաձևության խելահեղ ռիթմով:
-Գիտեմ, որ մեկ ամիս առաջ մեկնել էիք Իսպանիա` պրոֆեսիոնալ դիմահարդարման դասընթացներ տալու: Ո՞ւմ կողմից եղավ առաջարկը, ինչպե՞ս անցան դասընթացները և ի՞նչ տպավորություններով վերադարձաք:
-Ես ամեն օր ստանում եմ բազում նամակներ աղջիկներից, ովքեր հետաքրքրված են դասընթացներով: Արդեն 2 տարի է պարբերաբար դասընթացներ եմ անցկացնում նաև այլ երկրներում ոչ միայն սկսնակների, այլև պրոֆեսիոնալ դիմահարդարների համար: Հերթական առաջարկն Իսպանիայից էր՝ AnnaManukiandepilación con hilo սրահի հիմնադիրներ, մեր հայրենակիցներ Աննա Մանուկյանի և Արմեն Մուրադյանի կողմից, որոնց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ դասընթացներն անցան անթերի: Վերադարձել եմ կատարված աշխատանքի լիարժեքության զգացումով և հեքիաթային Մայորկայի ջերմությամբ:
-Հետաքրքիր է`դասընթացին բացառապես հայուհինե՞ր էին մասնակցում, թե՞ կային նաև օտարազգի ներկայացուցիչներ:
-Ի զարմանս ինձ, իմ աշխատանքի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ բացի հայուհիներից, դասընթացին մասնակցում էին նաև վենեսուելացի, բրազիլացի, իսպանացի և ֆրասիացի աղջիկներ: Ընդամենը մի քանի ժամ անց մեզ բոլորիս մերձեցրել էր դիմահարդարման գեղեցիկ լեզուն: Ինձ համար մեծ հաճույք էր աշխատել տարբեր քաղաքակրթություն և մշակույթ ունեցող մարդկանց հետ:
-Ագա, հետաքրքիր է` որ երկրներն են հաջորդելու Իսպանիային`դասընթացների առումով:
-Անշուշտ ծրագրեր և առաջարկներ շատ կան, և դասընթացներ էլի կլինեն: Առայժմ չեմ ցանկանում բացել բոլոր փակագծերը:
-Լինելով աշխատանքային բուռն գործունեության մեջ` ինչպե՞ս եք հասցնում համատեղել ընտանիքն ու աշխատանքը:
-Իսկապես դժվար է համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Բայց երբ շրջապատված ես մարդկանցով, ովքեր փորձում են անել ամենը, որպեսզի կարողանաս ժամանակ հատկացնել կյանքում ամենակարևոր արժեքներին, ամեն ինչ շատ ավելի դյուրին է դառնում: Այո, ես հպարտ կարող եմ ասել, որ միշտ ընտանիքիս կողքին եմ և լիարժեք վայելում եմ ընտանեկան ջերմությունը:
-Այսօր Դուք, կարծես, ունեք այն ամենն, ինչ յուրաքանչյուր կին կցանկանա ունենալ. գեղեցիկ ընտանիք, լավ ու սիրելի աշխատանք… Հետաքրքիր է` այսօր կա՞ արդյոք մի բան, որը պակասում է Ագա Քանքանյանին:
Միայն մի բան եմ ուզում… Թող իմ կողքից ոչ մեկը չպակասի…
Հեղինակ`Ա.Հարությունյան