▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկածում ենք, որ «Բարի Սամարացի» Հովհաննես Հովակիմյանը հանուն տան սպանել է հորաքրոջս

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Գայանե Մաթևոսյանը մեղադրում է  «Բարի Սամարացի» ընկերության տնօրեն Հովհաննես Հովակիմյանին` իր հանգուցյալ հորաքրոջ` Սուսաննա Աբրամովայի տանն ապօրինաբար տիրանալու մեջ: Այդ մասին Գայանեն նշել էր իր բաց նամակում, որն ուղղված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ Գայանեի` Հովհաննես Հովակիմյանը 50-ամյա Սուսաննա Աբրամովային դարձրել էր  «Բարի Սամարացի» կրոնական կազմակերպության անդամ, իսկ նրա մահից հետո պնդում է, որ 26 միլիոն դրամով գնել է Սուսաննայի տունը: Հանգուցյալի  հարազատների պահանջից հետո Հովհաննեսը ներկայացրել է  փաստաթղթերից մեկի պատճենը, որից պարզ է դառնում, որ  տունը վաճառվել է հուլիսի 7-ին, գնորդն էլ Հովհաննես Հովակիմյանի որդին է` Հակոբը: 

«Բաց նամակի հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 3 մասով` խոշոր չափերի խարդախություն: Նաև ձեռագրաբանական փորձաքննության է ուղարկվել  հորաքրոջս անձնագիրը, որովհետև առք ու վաճառքի պայմանագրում իր անուն-ազգանունը հորաքույրս իբրև թե գրել է հայերենով, այն դեպքում, որ նա հայերենին չէր տիրապետում` ոչ գրել գիտեր, ոչ էլ կարդալ»,-Asekose.am-ին ասաց Գայանե Մաթևոսյանը:

Գայանեի խոսքով` Սուսաննայի մահից  դեռ 40 օր չանցած Հովհաննես Հովակիմյանի կարգադրությամբ աշխատանքներ էին տարվել նաև նրա գերեզմանի վրա.

«Ցեմենտապատել էին գերեզմանը, մասնավորապես` կողքի հատվածը, իսկ բուն հատվածի վրա կավային ավազ (կամ նման մի բան) էին լցրել, որը, որպես կանոն, անում են միայն մեկ տարի անց: Մեր կարծիքով`նրանք այս քայլին գնացել են արտաշիրիմումից խուսափելու համար»:

Գայանեի հետ այս հարցում համակարծիք է նաև նրա ամուսինը` Հակոբ Դավթյանը, ում կարծիքով` Հովհաննես Հովակիմյանը, առհասարակ, որևէ առնչություն չպետք է ունենար Սուսաննայի գերեզմանի հետ.

«Դա նրա գործառույթների մեջ չի մտնում, դա օտար մարդու գերեզման է, նման քայլերի գնալու իրավունք Հովհաննես Հովակիմյանը չունի: Ինչ վերաբերում է գումարին, ապա նա իր ցուցմունքներում նշել էր, որ 26 միլիոն դրամն ամբողջությամբ էր վճարել այն դեպքում, որ կայքերից մեկին հակառակն է ասել` իբրև թե մաս-մաս է վճարել, 3 միլիոն դրամ էլ մնացել էր պարտք, որը պետք է հատկացներ  Սուսաննայի բուժմանը, ինչ անհեթեթություն է: Մոտ 8 հազար դոլարով ո՞վ կարող է բուժվել Գերմանիայում: Սուսաննայի առողջական վիճակի վատթարացումից, ապա մահից հետո էլ այդ գումարն օգտագործել է նրա հուղարկավորության ծախսերը հոգալու վրա: Հեքիաթ է հորինել»:

Հակոբ Դավթյանի խոսքով` այս ընթացքում իրենք չեն փորձել Հովհաննես Հովակիմյանի հետ կապ հաստատել.

«Ինքը շառլատան և ստախոս է: Մեր կարծիքով` բանդա է ստեղծել, որի նպատակը թույլ և անպաշտպան մարդկանց տներից ապօրինաբար զրկելն է: Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, ուղղակի այս դեպքի շնորհիվ ինքը բացահայտվեց: Ի դեպ, այդ նույն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև նրանց աղանդավոր քույրիկներից մեկը` Հայկուհի Մուրադյանը, ում խոսքով` Գայանեն իբրև թե չի այցելել իր հորաքրոջը, վատ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Այդ նույն Հայկուհին նաև բնակվում էր Սուսաննայի տանը, որովհետև անօթևան էր: Հայկուհու խոսքով` Գայանեն, իբրև թե, մեկ անգամ  Սուսաննայի տակդիրը փոխելիս զզվել է և այլևս չի վերադարձել հորաքրոջ տուն: Հիմա ես ապացույց ունեմ, որ Հայկուհին մահվան և, առհասարակ, այդ ծանր հիվանդության ժամանակ գտնվել է Մոսկվայում: Հիմա ես այդ տեղեկութունը հաղորդել եմ քննիչին, որպեսզի կեղծ ցուցմունքն անձնագրով ստուգեն: Ես կասկածում եմ, որ Սուսաննային էֆթանազիային են ենթարկել,  այսինքն` նրա մահն արագացրել են, կարճ ասած` սպանել են: Ի վերջո, նրա մահվան վկայանում ոչինչ նշված չէ քաղցկեղի մասին, իսկ ես քաղցկեղով հիվանդ շատ մարդկանց մահվան վկայականներ եմ ուսումնասիրել այս ընթացքում: Այդ բոլոր վկայականներում էլ նշվել է քաղցկեղի մասին, իսկ Սուսաննայի մահվան վկայականում նշված են լյարդի սուր անբավարարություն, լյարդի ֆունկցիայի խանգարում, և ոչ մի տող չկա քաղցկեղի մասին»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Հակոբ Դավթյանը:

Հեղինակ` Աննա Հարությունյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Կարդացեք նաև` «Բարի Սամարացի» եկեղեցու հովիվն իր քույրիկ-եղբայրիկներով խարդախությամբ տիրացավ մահացած հորաքրոջս տանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին