▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ էի կոտրված. Նազիկ Ավդալյանը` կյանքի ամենամեծ հիասթափության, ավտովթարի, իր երազանքի մասին և ոչ միայն

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է Եվրոպայի գործող չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը: 

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Դա մի քիչ հարաբերական է։ Չեմ կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել, քանի որ տվյալ պահին դա քո համար կարող է ձեռքբերում համարվել,  բայց որոշ ժամանակ անց կամ տարիներ հետո պարզվի, որ դա բնավ էլ այդպես չէ, և հակառակը:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Համարյա ոչ մի բան։ Ինչի համար էլ զղջում եմ, դրանից հետևություններ եմ անում։

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում: 

Ապրել հնարավորինս ազնիվ ու մաքուր, չքննադատել մյուսներին ու չխառնվել նրանց կյանքին:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ  եք ասել` կներես:

Երեկ, ամուսնուս։ Տանից դուրս գալուց պատահաբար և՛ իմ բանալին էի վերցրել, և՛ նրա, ու նա ստիպված եղավ սպասել մինչև ես տուն գամ:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ: 

Բալիկիս՝ Վաչեին, մի քանի րոպե առաջ:

Ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը:

2011 թվականի ավտովթարս։ Այդ ժամանակ շատ էի կոտրված, դեռ այնքան նպատակներ ունեի` սպորտի հետ կապված։ Բայց ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Չեմ ուզում շատ մանրամասնել, բայց, որքան էլ տարօրինակ թվա, հիմա, երբ վերլուծում եմ եղածը,  գիտակցում եմ, որ դա իմ կյանքում շատ դրական ազդեցություն ունեցավ, որն ինձ կօգնի հետագայում շատ առաջ գնալ: Այդպիսի մի փոքրիկ խորհուրդ. եթե ինչ- որ բան կորցնում եք, պետք չէ շատ վհատվել, միգուցե դա հնարավորություն է հետագայում ավելի մեծ բան շահելու:

Արարք, որի համար զղջում եք:

Ես կասեի արարքներ։ Հաճախ փոքրիկիս (համենայնդեպս իր կարծիքով անհիմն) նախատում եմ` մոռանալով, որ նա դեռ երեխա է։ Հետո, իհարկե, փորձում եմ բացատրել, թէ դա ինչի համար ասացի:

Ինչի՞ց եք վախենում:

Շատ բաներից եմ վախենում։ Հարազատների կորցնելու մտքից քիչ է մնում այդ պահին մեռնեմ, վախենում եմ հիասթափվելուց։ Մեր երկրի իրավիճակն այնպիսին է, որ վախենում եմ լուրեր կարդալուց, որ կիմանամ որ սահմանին զինոր է զոհվել։ Վախենում եմ, որ մեր երկիրը մնալու է նույն վիճակում: Ու նման շատ բաներից եմ վախենում:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է

Երեկ մի տաքսու վարորդ ամուսնուս ասել է, որ ես միլիոնատեր եմ՝ առանց իմանալու, որ խոսում է ամուսնուս հետ։ Ամուսինս էլ որպես ամանորյա նվեր խնդրեց Bugatti Veyron:

Որոշում  կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:

Չէի ասի, որ փոխել է, դա երևի հենց այդպես էլ պետք է լիներ, բայց համենայն դեպս, երբ  4 տարեկանում պապիկս ինձ տարավ ակրոբատիկայի, սպորտն այդպես իմ կյանք մտավ։ Ու հիմա ես այն եմ, ինչ կամ: Ու, ընդհանրապես,  մեր կյանքը ամբողջությամբ կառուցվում է հասարակ որոշումներով կամ հանդիպումներով, որոնց նույնիսկ ուշադրության արժանի չենք համարում:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Անցած տարի ամռանը, երբ ուսումնամարզական հավաքների գնացի, որդիս դեռ չէր խոսում, իսկ երբ մոտավորապես 20 օրից վերադարձա, ոչ միայն բառեր,  այլ բառակապակցություններ էր ասում ու փորձում էր նախադասություն կազմել: Այդ պահին ցավի ու երջանկության իրար հակասող այնպիսի զգացողություններ էին իմ մեջ իրար խառնվել:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Ես որպես անձ երջանիկ եմ։ Բայց լիակատար երջանիկ կլինեի, եթե երկրումս խաղաղություն տիրեր ամեն առումով:

Երազում եմ, որ…

Երազում եմ, որ որդիս ու եթե էլի երեխաներ ունենամ, լինեն ամեն առումով մեծատառով մարդ ու ազգին պիտանի:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին