Համացանցում երեկվանից քննարկվում է հայկական գենոֆոնդի պահպանման անհրաժեշտության մասին հարցը, որի համար առիթ է դարձել հայ կնոջ և սևամորթ տղամարդու ամուսնությունն ու նրանց և ընտանիքի որդու համատեղ լուսանկարը՝ հայկական տարազներով:
Արթուր Եղիազարյանն, այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում հատուկենտ բնակվող ու հայ կնոջ հետ օրինական ամուսնացած, իր ընտանիքը սիրող, կնոջ ազգության նկատմամբ առնվազն հարգանքով լցված, որի արդյունքում հայկական տարազով նկարվող ու իր որդուն Տիգրան անվանակոչող սևամորթն այնքան բացասական չի կարող ազդել հայկական գենոֆոնդի վրա, որքան այդ ընտանիքը քննադատող այն հայածին արարածները, որոնք ողջ օրը զվռնում են մաշկավեներական հիվանդությունների շտեմարան մարմնավաճառների հետ, իրենց լավ տղու տեղ դրած` զբաղվում են թմրամոլությամբ ու պլանքյաշությամբ, որոնք գլուխ են գովում անսահմանափակ ոգելից խմիչք կոնծելու առիթներով, որոնք ... մի խոսքով` հասկացաք:
Ես էլ չեմ խրախուսում խառնամուսնությունները, ավելին` հարգելով ամեն ազգի ու ռասայի ինքնատիպությունը` կոչ եմ անում հնարավորինս անաղարտ մնալ իրենց տեսակի մեջ, բայց երբևէ ազգային անվտանգության տեսակետից` վտանգ չեմ տեսել բացառիկ դեպքերի պարագայում: Եթե գետդ հզոր է ու զուլալ ` ափին կանգնածի կողմից մի բաժակ այլ ջուր լցնելուց չպետք է վախենալ:
Ինչքան բուռունդուկ կա` իրեն ազգայնականի տեղ է դրել:
Սովորեք ազգայնականությունն ու ազգայնամոլությունն իրարից զանազանել ու անհեթեթ վայնասուններ չբարձրացնել այնտեղ, որտեղ առիթ չկա»:
Իսկ քննարկումները սկսվեցին, երբ ԱՄՆ-ից վերջերս Հայաստան վերադարձած Հայկ Նազարյանը տեղադրելով այս լուսանկարը, ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Սիրելի հայրենակիցներ, երբ ես տեսա այս նկարը, շատ բարկացա ու այլևս չկարողացա զսպել ինձ, հետևաբար ինձ արգելափակեցին իրենց էջից։ Խնդրում եմ մտեք սրանց էջ ու այս նկարը «report» արեք։ Եթե հիմա հանդուրժողականություն ցուցաբերենք այս ապազգային երևույթների հանդեպ, ապա ժամանակի ընթացքում կկորցնենք մեր արյան միատարրությունը և առհասարակ մեր հայ տեսակը։ Մենք ոչ միայն պետք է թույլ չտանք, որ Հայաստանում այսպիսի հրեական սրբապիղծ և հակահայկական պրոպագանդա տարածվի, այլև ամբողջովին պետք է արմատախիլ անենք այն, ու համակենտրոնացման ճամբարներ գցենք այս տեսակ նյութի տարածման համար պատասխանատուներին և բոլոր իրենց հետ համագործակցողներին»։
Հովհաննես Գալաջյանն էլ, քննարկվող թեմայի մասին, նշել է. «Հարցը էդ զույգին չի վերաբերում: Պարզապես այդ ֆոտոսեսիան ՊԱՏՎԻՐՎԵԼ է հատուկ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ նպատակով, որպեսզի հարուցվի բանավեճ, որի վրա ՌԱՍԻԶՄԻ շառ կախել լինի, հաջորդ փուլում` ռասիզմի դեմ պայքարի լայն ալիք սարքվի, ու հիմնավորապես ծեփեն բոլոր նրանց բերանները, ովքեր դեմ են խառնամուսնություններին: Ու այդ ֆոնի վրա սանձազերծվի լայն քարոզչություն հօգուտ խառնամուսնությունների... Օվերթոնի պատուհանի հոտը չզգացի՞ք...»
Այս գրառմանն էլ անուղղակիորեն պատասխանել է Հովսեփ Խուրշուդյանը, մասնավորապես, գրելով.
«Ասում է «էսօր նեգռերի հետ են պսակվում, վաղն էլ թուրքերի հետ կպսակվեն. Օվերտոնի պատուհան է»։ )))
Սա ինձ հիշեցրեց սովետական հայտնի «դեմոտիվատորը» (կցում եմ այս գրառմանս)։ Արա բայց ո՜նց ձանձրացրիք արդեն ձեր՝ ձեր պես տափակ ու տգետ «ազգայնականությամբ»...»: