▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայու գենի» սև օրը. Մհեր Արշակյանի սյունը ՍիվիլՆեթում

«Հայու գենի» սև օրը

«Հայու գենը» գլուխ է բաձրացրել։ Բոլոր անառակությունների ժամանակ, որ մենք անում ենք միմյանց աչքերի մեջ նայելով, այդ գենը քնած է, մի լուսանկարով արթնացավ։ Համարյա Փոքր Մհերի նման ճեղքեց Ագռավաքարի դուռն ու դուրս եկավ՝ ընդդեմ «հայու գենին» բան ասողի։

Ի՞նչ է եղել՝ սևամորթ երիտասարդը հայկական տարազով լուսանկարվել է իր հմայիչ հայուհի կնոջ և որդու՝ Տիգրանի հետ։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի պատի տակ այս ընտանիքի հանդեպ սկսվել է ռասիզմի մի հրավառություն։ Իբր հայ աղջիկն ի՞նչ գործ ունի սևամորթի հետ։ Ներողություն, էդ ո՞ր օրվանից է «հայու գենից» հանվել սերը։ Ընկերներ, սերը գեների հետ կռիվ չունի, դուք ինչո՞ւ եք խառնվել իրար։ Էդ հայուհի հմայիչ կնոջն ի՞նչ եք առաջարկում՝ թողնի ամուսնուն ու «գենին» համապատասխան մի ՀՀԿ-ական ընտրակեղծարարի հե՞տ ամուսնանա։ Ի՞նչ է արել այդ աղջիկը՝ կաշա՞ռք է վերցրել, հարևանուհո՞ւն է զրպարտել, պղծե՞լ է հարազատի արյունը։ Ի՞նչ է արել։

Ո՞րն է «հայու» գենը։ Չկա նման բան, ընկերներ։ Հայ ու գե՞ն։ Հանգստացեք։ Այն ամենից հետո, ինչ մենք առանց որևէ սևամորթի, հրեայի, թուրքի կամ տաջիկի օգնության «արեցինք» Հայաստան աշխարհի հետ, էդ գենն այնքան խորը և համապարփակ է քնել, որ քառասուն Ծովինար ու երեսուն Սանասար ու Բաղդասար արթնացնել չեն կարող։ Այսինքն՝ ո՞նց ընկերներ, լավ չեմ հասկանում, իրավունք չունե՞ր հայուհին ամուսնանալու այդ ոչ միանշանակ գույնով տղամարդու հետ, թե ամուսնանալը ջհանդամը, գոնե՝ չլուսանկարվեր։ Որտե՞ղ է խնդիրը։ Դուք՝ նման կապի հակառակորդներդ, ուզում եք ասել, որ «հայու գենը» թթու եք դրել սև օրվա համար ու հիմա ինչ-որ մեկը եկել և փչացնո՞ւմ է այդ գենը։

Ասում եմ ձեզ՝ չկա «հայու գեն»։ Հայի գենը հայերեն բանաստեղծությունն է և մերձավորի հետ այնպես վարվելն է, ինչպես որ դու կուզեիր քեզ հետ վարվեին։ Ուրիշ գեն չկա։ Եթե դուք նկատի ունեք մեկ գույնի կենսունակությունն ընդդեմ ասորաբաբելական այլ ցեղերի, որոնք չկան, հավատացնում եմ ձեզ, պատճառը մեզ ոչինչ չարած բաբելացու հանդեպ արհամարհանքը չէ։ Պատճառն այն է, որ նրանք թշնամի են եղել։ «Հայու գենը» թշնամու հանդեպ կենսունակությունն է։ Եթե սիրո արդյունք այդ խառնագույն ընտանիքը մեր թշնամին է, ուրեմն կամ այդ գենը չկա, կամ այդ գենը ապականված է մեզանով, միայն հայերով։

Թե՞ «հայու գենն» այն է, որ մենք Քրիստոսի մեր ծննդյան օրն ունենք։ Հետո՞։ Այդ ընտանիքը ձեզ ի՞նչ է արել, ընկերներ։ Նրանք «հայու» ձեր իմացած գենին համապատասխան օջախ են ստեղծել, որի հիմքում սերն է։ Դուք՝ այդ ընտանիքի հակառակորդներդ, սիրո՞ւմ եք ձեր կանանց կամ ամուսիններին։ Էդ որ բաժանվում եք ձեր նախկին սիրելիներից, «հայու գենի» շրջանակներո՞ւմ է։ Նույնիսկ եթե չեք բաժանվում, երազում եք հատկապես տղա երեխայի մասին, չէ՞։ Իսկ աղջիկ երեխայի պտուղը հեռացնում եք կամ անիծում եք այն օրը, երբ պտուղն «աղջկավորվեց»։

Հանգիստ թողեք բոլոր առումներով հայաստանյան այդ ընտանիքը։ Նրանք գոնե հիմա դեռևս լուսանկար են»։ Նրանք ձեր առջև չեն մերկացել, նրանք ատամներ ցույց չեն տալիս։ Այդ լուսանկարում լավագույն սերն է, որը, դիցուք, գուցե նույնիսկ ինձ հասանելի չէ՝ ձեր իմացած «հայու գենի» ևս մեկ ներկայացուցչի։

Եթե այդ մարդիկ ձեզ սիրելի չեն, գոնե կարող եք լռել։ Չէ՞ որ լռությունը նույնպես գենային մի հատկություն է, թեպետ, գուցե, ավելի շատ Աստծուց է, հատկապես այն պահերին, երբ ինքը հրաշալի այլընտրանք է զրպարտելուն և հայհոյախոսելուն։ Հանգիստ թողեք այդ ընտանիքին, նա դեռևս պատմում է սիրո լայնախոհության, սիրո այնպիսի մի էության մասին, որին մեզանից շատերը հասու չեն նույնիսկ հենց սիրո մեջ։ Նրանք միասին են սիրո մի իրավունքով, որը Աստծուց է կամ, «վատագույն» դեպքում, սրտի կառուցվածքից։ Նրանք միասին են երջանկության մի իրավունքով, որի երաշխավորը մեզանից ոչ մեկը չէ։

Հանգիստ վերաբերվեք խառնամուսնություններին, մեզանից ոչ մեկը դրանից երաշխավորված չէ, եթե, իհարկե, սրտի վրա այնպիսի կողպեք չի դրել, որը կարելի է բացել 5 հազար դրամով կամ ՀՀԿ անդամատոմսով։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին