«Մարդկանց կողմից միշտ օգտագործվում են այն թեմաները (բանակ, ամուսնություն այլազգիների հետև այլն), որոնք առողջ հասարակության մեջ այլընտրանքային պետք է լինեն ավելի լուրջ խնդիրները ծածկադմփոց անելու համար: Ես վստահ եմ, որ Արսինե Խանջյանը պարզապես թիրախ է դարձել, քանի որ խոսում է այն բոլոր խնդիրներից, որոնք կան Հայաստանում, իսկ թիրախին «ոչնչացնելու» համար պետք է կպչել այն կետերից, որոնք սուտ բարեպաշտութայն քողի տակ կներկայացվեն»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում այսպես արձագանքեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը` անդրադառնալով Արսինե Խանջյանի մասնակցությամբ մերկ կադրերով ֆիլմի շուրջ համացանցում բարձրացված մեծ աղմուկին:
Մեր զրուցակցի կարծիքով` հայ հասարակության միայն մի մասն է ոչ ադեկվատ վերաբերվում նման երևույթներին:
«Եթե նմանատիպ քննադատությունների դեպքում օգտագործենք «հայի գործոն» արտահայտությունը, ապա այս դեպքում կվիրավորենք ավելի ադեկվատ կարծիք և կյանքի մասին ավելի ադեվկատ պատկերացում ունեցող հայերի մեծ զանգվածին, քանի որ վստահ եմ, որ մեր ազգի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդպես մտածում, ինչի համար շատ ուրախ եմ, եթե նույնիսկ նման մարդիկ քիչ տոկոս են կազմում: Մարդկանց մի խմբի արժեհամակարգն այնքան խախտված է, որ հաշվի չեն առնում, որ մասնագիտությունն ու դրա պահանջները: Դերասանին մեղադրել նրա համար, որ ինքը մերկ հանդես է գալիս կամ համբույրի տեսարաններ է ունենում ֆիլմի ընթացքում, դա ուղղակի խոսում է նրա մասին, որ, ցավոք սրտի, մեր որոշ մարդկանց մտածողությունը քարե դարից այն կողմ չի անցել, որովհետև դա դերասանների մասնագիտական մոտեցումն է, և ցանկացած դերասան պետք է պատրաստ լինի տարբեր տեսակի` անգամ մերկ տեսարաններում հանդես գալու: Սուտ կենցաղապաշտությունն ու սուտ բարոյականությունը ուղղակի խեղում են այսօրվա հասարակությունը, որովհետև ոչ բոլորն են ապրում քրիստոնեական այն արժեհամակարգով, որոնք փաթաթում են մարդակնց ու լսարանի վզին»,- ասաց Րաֆֆի Մովսիսյանը:
Նրա կարծիքով` նմանատիպ քննադատությունները կանանց իրավունքների կոպիտ ոտնահարում է.
«Կանանց իրավունքների կոպիտ ոտնահարում է, որովհետև նման քննադատությունների զոհ դառնում են կանայք, տղամարդկանց դեպքում նման բան չի նշվում, ինչը խոսում է մեր հասարակության մեջ կնոջ իրավունքների չափից ավելի ոտնահարված լինելու մասին: Այսօր հայտարարություն կարդացի նույնիսկ, որ Մհեր Մկրտչյանը նկարահանում է նոր սերիալ, որի համար փնտրում է դերասաններ, ովքեր համաձայն կլինեն նկարահանվել բաց տեսարաններում: Դերասաններն ու դերասանուհիները իրենք արդեն իսկ կոմպլեքսավորված են, որ կարող է ինչ-որ ֆիլմում բաց տեսարանում հանդես գան: Ես վստահ եմ, որ դա գալիս է նաև նրանից, որ նրանք վախենում են պիտակավորվելուց, քանի որ նման հացերի վերաբերյալ մեր հասարակության ընկալումը շատ կարծրատիպային է, քանի որ նրանք մտածում են, որ մենք կարծում ենք, որ այն, ինչ տվյալ դերասանուհին թույլ է տալիս իրեն գեղարվեստական պայմանականություն ունեցող տիրույթում, կարող է թույլ տալ նաև իրական կյանքում դրսևորել այդպես: Եթե նույնիսկ մտածենք, որ այդպես է, դա ոչ մեկի քննարկելու թեման չէ, քանի որ շատ պոռնոաստղեր կամ էրոտիկ ամսագրերի աստղեր այսօր կարծիք արտահայտողներ են ամբողջ աշխարհում, որովհետև նրանք ևս գիտակցում են, որ յուրաքանչյուր մարդ ինքն է տերը իր մարմնի»:
Զրույցի վերջում Րաֆֆին նշեց, որ թե՛ Արսինե Խանջյանը, թե՛ Անժելա Սարաֆյանը իրենց գործունեությամբ միայն հարգանքի են արժանի.
«Անժելա Սարաֆյանը հանդես է գալիս շատ հայտնի ամերիկյան և հոլիվուդյան արտադրության ֆիլմերում, իսկ Արսինե Խանջյանն այնպիսի աշխարհահռչակ փառատոններում ներկայացուցիչ է եղել և այնպիսի հայտնի ռեժիսորների մոտ է նկարահանվել, որ պարզապես յուրաքանչյուր ազգ պետք է պարծենա նման ազգակիցներ ունենալով»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել «Արդար ընտրությունների» համար պայքարող կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի մասնակցությամբ 1996 թվականին նկարահանված «IRMA VEP» ֆիլմը, որում դերասանուհին հանդես է եկել ամբողջովին մերկ:
Հավելենք, որ օրեր առաջ համացանցում էին հայտնվել նաև ամերիկյան Westworld սերիալից կադրեր, որոնցում դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով մարմնավորում է անբարոյական կնոջ, մերկացել էր:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան