▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացառվում է՝ Յանան նկատի ունենա, որ թքած ունի Հայաստանի վրա». Յանա Եգորյանի հայրը՝ դստեր հայտարարության մասին

Մամուլ.am գրում է. Ռիոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող սուսերամարտուհի Յանա Եգորյանը ռուսական «Экспресс-газета»-ին տված հարցազրույցում նշել է, որ թեև հայուհի է, բայց ադրբեջանցի ընկերներ ունի։ Պատասխանելով հարցին, արդյոք մրցաշարերի ընթացքում բացասական վերաբերմունք է զգում օտարերկրյա մարզիկներից, Յանան, մասնավորապես, նշել է. «Ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիր ունի բարձր մակարդակներում։ Ում հետ ուզում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անելու»:

 

Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն
Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն

 

Սուսերամարտուհու խոսքերը բուռն արձագանք են գտել հայ հանրության մեջ։ Իրավիճակը հստակեցնելու համար կայքի թղթակիցը կապ հաստատեց Յանա Եգորյանի հոր՝ Կարապետ Ալավերդյանի հետ, ով հետևյալ կերպ արձանագրեց դստեր հարցազրույցին.

«Վերցրեք Յանայի հին հարցազրույցները, կտեսնեք, որ սրանք անիմաստ, հիմար խոսակցություններ են։ Հարցազրույցներում նա բազմիցս նշել է, թե ինչպես է վերաբերվում Հայաստանին, հայ էությանը, հայ ժողովրդին, իր ազգությանը։ Յանան բացարձակ չի մտնում քաղաքականության մեջ, դա իրեն պետք չէ ընդհանրապես։ 100 %-ով եմ ասում, նման բան չկա, քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա։ Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցիներին, յուրաքանչյուր մարդ, ով Ռուսաստանում է ապրում, տարբեր ազգությունների մարդկանց հետ ընկերություն է անում՝ կապ չունի ադրբեջանցի է, թե ոչ»,- նշեց պարոն Ալավերդյանը։

Հարցին՝ ամեն դեպքում ինչո՞ւ է Յանան նման կերպ արտահայտվել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, հայրը պատասխանեց.

«Բացառվում է՝ Յանան նկատի ունենա, որ թքած ունի Հայաստանի վրա։ Հասկանում եք, նա քաղաքականության հետ կապ չունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ընդհանրապես չեն վերաբերում նրա շրջապատին և ընկերությանը»։

Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն
Յանա Եգորյանն՝ օլիմպիական խաղերի չեմպիոն

 

Օլիմպիական խաղերի չեմպիոնուհու հայրը՝ Կարապետ Ալավերդյանն, ապրում է Երևանում։ Նա դստերը չի տեսել 17 տարի, ծնողները բաժանվել են, երբ ապագա չեմպիոնուհին 6 տարեկան էր։ Հարցազրույցում Յանան անդրադարձել է նաև հոր թեմային՝ նշելով.

«Նրան տեսնելու խելահեղ ցանկություն չունեմ։ Ինձ նա չէ դաստիարակել, այլ մայրս։ Բայց եթե հնարավորություն և ժամանակ ունենամ, կմեկնեմ Երևան։ Հորս հետ երկար ժամանակ չենք շփվել։ Առաջին անգամ զանգվել ենք, երբ, կարծես թե, 14 տարեկան էի։ Շնորհավորում ենք միմյանց տոների կապակցությամբ, սակայն չենք հանդիպում»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին