▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ, այս խայտառակությո՞ւնն էր Ձեր երազանքը, որն իրականացնելու համար դեռ մի բան էլ շնորհակալություն եք հայտնում

 

«Եվրատեսիլ»-ի այս տարվա խայտառակ պարտության մասին խոսելն արդեն ավելորդ է: Ամեն ինչ այնքան վատ էր, որ անգամ Հանրայինը, իրեն հատուկ պնդաճակատությամբ, չի խոսում բարոյական հաղթանակի կամ փայլուն ելույթի մասին գուցե այն բացատրությամբ, որ ելույթից փայլուն էր, թերևս, միայն Արծվիկի զգեստը:

Երբեք չէի տեսել, որ Հայաստանում այսքան անտարբեր լինեին «Եվրատեսիլ»-ի ու մեր մասնակցի նկատմամբ: Եթե նախորդ  տարի ամբողջ ֆեյսբուքը ողողված էր Իվետա Մուկուչյանին սատարող գրառումներով, ապա այս տարի նկատելի էր, որ շատերը նույնիսկ չէին հիշում «Եվրատեսիլ»-ի օրը:

Թեպետ այս առումով էլ պետք է փաստել, որ Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը «Եվրատեսիլ»-ի եզրափակիչն անցնելը քառատոն համարելով` իրենցից անկախ այնպես արեցին, որ «Եվրատեսիլ»-ի մասին մոռանալ հնարավոր չեղավ:

Իրականում Արծվիկի դեմ ոչինչ չունեմ, նույնիսկ կարծում եմ,  որ լավ երգչուհի է, սակայն դա դեռ բավական չէր «Եվրատեսիլ» գնալու ցանկություն հայտնելու համար: Մեկ բառով` նա ձանձրալի էր ու ամենևին պատճառն այն չէր, որ շոու չկար, ի վերջո, չմոռանանք այս տարվա հաղթողին: Արծվիկի երգը շարքային չհիշվող երգ է, որը կարող էր տեղ գտնել Արծվիկի ձայնասկավառակում, որի հիման վրա նույնիսկ տեսահոլովակ նկարահանելն էր ափսոս, ուր մնաց «Եվրատեսիլ» գնալը…

Ինչ խոսք, հեծանիվ չեմ հորինում և ասում եմ բացարձակ ճշմարտություններ, բայց հիմա գանք ամենագլխավորին: Եզրափակչից րոպեներ անց, երբ դեռ ժողովրդի լեզվով ասած չէինք մարսել այդքան կանխատեսելի 18-րդ հորիզոնակը, Արծվիկը, կրկնվեմ` միայն Հանրայինին հատուկ պնդերեսությամբ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն արեց. «Շնորհակալ եմ երազանքս իրականություն դարձնելու համար: Սիրում եմ բոլորիդ»:

Արծվիկ, այս խայտառակությո՞ւնն էր Ձեր երազանքը, մենք մտածում ենք 18-րդ հորիզանականի մասին, իսկ Դուք` շնորհակալություն հայտնում: Միգուցե ավելի տրամաբանական կլիներ, որ ներողություն խնդրեիք` թեկուզ հույսերը (եթե, իհարկե, որևէ մեկը հույս ուներ) չարդարացնելու համար:

Արծվիկի միակ տրամաբանական քայլը, թերևս, այն էր, որ  այս շնորհակալական գրառումը տեղադրելուց անմիջապես հետո հեռացրեց այն` երևի հասկանալով, որ սա երազանքի իրականացում չէր, սա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ էր, որի համար արժեր շնորհակալություն հայտնել միայն Հանրայինին, որ մեր` հարկատուներիս հաշվին իրականացրեց Ձեր երազանքը:

 

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին