▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում. Հենրիխ Մխիթարյանի քույրը` եղբոր, ընտանիքից հեռու լինելու մասին և ոչ միայն

Նրա մանկության օրերն ու մանկական հիշողությունները կամա թե ակամա շաղկապված էին ֆուտբոլի հետ, բայց նա շատ փոքրիկ էր ու չգիտեր, թե ինչ է ֆուտբոլը, ու, անկասկած, չէր կարող մտածել, որ այն կդառնա նաև ի՛ր կյանքի մի կարևոր մասը: Երբ մեծացավ, նա նույնիսկ այլ մասնագիտություն ընտրեց, անկասկած, չմտածելով, որ նախախնամությունն իր փիլիսոփայությունն ունի:   

Երբ նա փոքր էր, չէր գիտակցում, որ իր նշանավոր հայրը «ստիպել» էր հարյուր հազարավոր մարդկանց աշխարհում յուրահատուկ հարգանքով վերաբերվել այն ազգանվանը, որն ինքը կրելու էր հետագա ամբողջ կյանքում:

Հետո, երբ հայրն արդեն երկնային արքայությունում էր, նա առերեսվեց այն փաստի հետ, որ իր ազգանունը, որը թեև դժվար արտասանելի է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, նույնիսկ՝ հայերենով, այնուամենայնիվ, հարյուր հազարավոր մարդիկ աշխարհում այն արտասանում են գոհությամբ ու շնորհակալությամբ՝ իրենց պարգևած անկրկնելի զգացողությունների համար, իսկ միլիոնավոր հայերի համար այն ուղղակի հպարտության խորհրդանիշ է, իդենտիֆիկացման կոդ, քանի որ իր կրտսեր եղբայրը փնտրել ու գտել էր...իր հորը:

Նա, իհարկե, հանգիստ կարող էր ապրել իր ազգանվան ստվերում, բայց նա համառորեն  ու անդրդվելիորեն գնաց ի՛ր ճանապարհով՝ ինքնուրույն ու քայլ առ քայլ հաղթահարելով տեղ հասնելու անասանելի բարդ ուղին՝ հեռու ընտանիքից, մերձավորներից, ազգականներից: Նա էլ ի՛ր պարտքն ուներ, հորը փնտրելու ու գտնելու իր ընթացքը:

Մոնիկա Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դուստրն է ու աշխարհում ամենաճանաչված հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը:

Մոնիկան երբեք հրապարակայնորեն չի խոսել իր մասին, չի պատմել իր կյանքի հանգամանքները, հարցազրույցներ չի տվել, չի կիսվել իր զգացողություններով և «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տված բացառիկ այս հարցազրույցը առաջինն է:

Անկեղծ ասած, դեռ տասնհինգ տարի առաջ էի ուզում գրել այն աղջկա մասին, որը համարձակորեն ու առանց վարանելու գնաց իր երազանքների հետևից՝ գիտենալով, որ բազմաթիվ դժվարություններ կան հաղթահարելու: Այն ժամանակ Մոնիկան ուղղակի իմ լավ ընկերոջ՝ Մարինա Թաշչյանի աղջիկն էր՝ մխիթարյանների հայտնի ընտանիքից: Չգիտեմ, թե ինչու այն ժամանակ չգրեցի, բայց այսօր, երբ տարիների մտերմությունից հետո կայացավ այս զրույցը, հասկացա, որ տարիներ առաջ չէի սխալվել:   

Բնականաբար, չէինք կարող մեր զրույցը չսկսել «ճանապարհից»...

-Կպատմե՞ս ճանապարհի մասին, որ անցար. դու սովորում էիր Երևանի պետական համալսարանում...

-Այո, ես սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Մի օր, երբ ընկերներս ինձ հրավիրել էին իրենց հարսանիքին Ֆրանսիա, Լիոն, ես օգտվեցի առիթից ու գնացի Լիոնի «Լյումիեր» համալսարան՝ հետաքրքրվելու քաղաքագիտության մագիստրատուրայի ընդունելության գործընթացով: Ես, հավանաբար, հաջողակ էի, որ հանդիպեցի պատասխանատու մարդկանց ու քննարկեցինք փոխանակության ծրագրով ուսանելու խնդիրը, և երբ որոշումը կայացվեց ու ես պետք է տեղափոխվեի Ֆրանսիա՝ շարունակելու ուսումս, ես երջանիկ էի, որովհետև մտովի ես իմ մանկության այն օրերի հետ էի, որոնք անցկացրել էի այդ երկրում: Ես մտածում էի, որ ինչ-որ բան այն օրերին կիսատ էի թողել, որին դեռ պետք է հասնեի:           

-Ֆրանսիան ձգում էր, որովհետև մանկությանդ հուշերը Ֆրանսիայի հետ էի՞ն կապված, թե...:

-Այո, իմ մանկությունն ինձ կանչում էր Ֆրանսիա: Գիտեք, որ ես շատ թանկ հիշողություններ ունեմ Ֆրանսիայի հետ կապված: Մանկությանս օրերին ես այնտեղ ապրում էի իմ ընտանիքի, հայրիկիս հետ...: Դրանք իմ կյանքի անմոռանալի էջերն են:

-Ի՞նչն է ամենաշատը տպավորվել  մանկությանդ օրերից:

-Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել և դրա համար պարտական եմ ծնողներիս: Իմ մանկության հիշողությունները հիմնականում շաղկապված են ֆուտբոլի հետ, քանի որ մենք շատ էինք կապված հորս հետ և ամենափոքր տարիքից հաճախում էինք նրա բոլոր խաղերին: Հետաքրքիր է, որ ֆուտբոլային թեման իմ կյանքում այսօր էլ է:

-Ի՞նչ տվեց այդ ճանապարհը քեզ:

 -Նախ ասեմ, որ այդ ճանապարհն ինձ հեշտ չի տրվել: Հեշտ չի եղել պրոֆեսիոնալ կարիերայի իմ ճանապարհը: Ես համառորեն սովորել եմ թե դպրոցում, թե համալսարանում: Ինձ ասում էին, որ ես «տրուդագոլիկ» եմ: (Ծիծաղում է): Տատիկս, մայրս, եղբայրս ինձ անընդհատ ասում էին, որ ինձ հանգստանալ է պետք, թուլանալ: Ես կարծում եմ, որ կյանքում ոչ մի բանի հնարավոր չէ հեշտությամբ հասնել, բայց նաև կարծում եմ, որ որևէ անհնարին բանի հասնելը անհնար չէ, եթե, իհարկե, կա ցանկություն և համառորեն աշխատելու կարողություն: Իհարկե, երբեմն պետք է նաև հաջողակ լինել: Ես ինձ հաջողակ համարում եմ, քանի որ իմ կյանքում միշտ եղել են մարդիկ, որոնք պատրաստ են եղել օգնելու ինձ:    

-Սովորեցիր և Հայաստանում և Ֆրանսիայում. ի՞նչ տարբերություններ էիր տեսնում ուսանողների, կրթական համակարգերի մեջ:

-Կրթական համակարգերն ու մտածողությունները տարբեր էին: Հայաստանից ավելի շատ տեսական գիտելիքներ էի ստացել: ֆրանսիայում սովորեցի վերլուծել, մտածել: Կարծում եմ, որ այդ հմտությունները պետք է լավագույնս համատեղել:

-Կա՞ մի բան, որ որոշիչ կամ ճակատագրական է եղել քո կյանքում:

-Գուցե Ձեզ ծիծաղելի թվա, բայց ես մի մարդ եմ, որը սիրում է երազել: Իսկ գուցե առավել ծիծաղելի հնչի, եթե ասեմ, թե հավատում եմ, որ իմ բոլոր երազանքները կարող եմ իրականացնել: Կարծում եմ, որ գլխավորը հավատալն է, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, իսկ ամենամեծ երազանքներիդ մասին մտքերդ առաջին հայացքից միշտ ծիծաղելի են թվում: Կարծում եմ, որ իմ ընթացքի համար կարևոր նշանակություն ունեցավ իմ համալսարանական պրակտիկան ՈՒԵՖԱ-ում, որն իմ առջև ֆուտբոլային աշխարհի դռները բացեց դեպի ներս:

-Դեպի ֆուտբոլի աշխարհ ընտրությունը ենթագիտակցորեն է՞ր, թե մտածված ընտրություն էր:

-Հավանաբար, շատ բնական ընտրություն էր: Գիտեք, որ մեր ընտանիքի շարժիչ ուժը լուսահոգի հայրս է և այս ընտրությունը միշտ նրա հետ լինելու ճանապարհն է: Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է: Նրանում ինչ-որ հատուկ մի բան կա ու ես սիրում եմ այն: Երբ տանը ֆուտբոլ եմ նայում, ինձ թվում է, որ ես երաժշտություն եմ լսում նրանում:

-Ի՞նչ է նշանակում երիտասարդ աղջկա համար լինել ընտանիքից, երկրից հեռու ու կայանալ: Ի՞նչ է հարկավոր դրա համար:

-Մենք նոր, ժամանակակից աշխարհում ենք ապրում: Իմ ընտանիքը երբեք անձնական էգոիզմով չի առաջնորդվել՝ ասել է թե՝ պահել ինձ իրենց կողքին և խոչնդոտել իմ զարգացմանը: Աշխարհաքաղաքական ներկա փոխակերպումներում տեղաշարժերը որևէ մեկին չեն զարմացնում: Այլ հարց է, որ մեր երկիրը միջոցներ պետք է գտնի՝ պահպանելու մեր երիտասարդ տաղանդներին: Օտար երկրում կայանալն ու զարգանալը շատ ու շատ ավելի բարդ է, քան հայրենիքում: Բնավորություն, վճռականություն և նպատակասլացություն է հարկավոր հաջողության հասնելու համար:

-Շատ հետաքրքիր ուղի ես անցել, երկար ժամանակ լինելով Եվրոպայի թիվ մեկ ֆուտբոլային ղեկավարի կողքին: Ի՞նչ ժամանակներ էին դրանք քեզ համար: Ինչպե՞ս ես հիշում:

-Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկի հետ աշխատելու փորձը, վստահ եմ, կմնա իմ կյանքի ամենակարևոր իրողություններից մեկը: Ես անչափ շնորհակալ եմ Միշել Պլատինիին, որովհետև նա ինձ հնարավորություն տվեց իր թիմում զարգանալ, կայանալ:

-Արդյոք դժվար է՞ լինել այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլային աստղի քույրը:

-Միշտ հաճելի է, երբ մարդիկ գիտեն քո ազգանունը և խոսում են եղբորդ մասին: Նա մեր պարծանքն է՝ թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ:

-Կբնութագրե՞ս Հենրիխին:

-Նա շատ օրինակելի է իր գործում ու շատ զգայուն մարդ, բայց խղճահարության նշույլ անգամ չունի խաղադաշտում: Երբեմն նրան անվանում եմ «վարձու մարդասպան»: Նա միշտ կամ մահացու փոխանցում է անում դեպի դարպասը կամ՝ նպատակային կրակոց: Ինձ համար, իհարկե, նա իմ կրտսեր եղբայրն է, որի հետ ես կարող եմ խենթություններ անել ու հաճույք ստանալ: Նա իմ լավագույն ընկերն է:

-Ինքդ քեզ ինչպե՞ս կբնութագրես: Ով է՞ Մոնիկա Մխիթարյանը:

-Սա ավելի բարդ է: (Ծիծաղում է): Պրոֆեսիոնալ հարթությունում շատ հավակնոտ եմ ու արդյունքի ձգտող: Ես սիրում եմ տեսնել իմ ջանքերի արդյունքը: Անձնական կյանքում շատ ընտանիքամետ եմ, եթե կարելի է այդպես ասել: Ընտանիքն ամեն ինչ է իմ կյանքում:

-Որքա՞ն հաճախ եք կարողանում ընտանիքով միասին լինել և որտե՞ղ ավելի շատ. Երևանու՞մ, Շվեյցարիայո՞ւմ, թե՞ Անգլիայում:

-Ջանում ենք միասին լինել, երբ կարողանում ենք: Ավելի հաճախ հանդիպում ենք Մանչեստրում, քանի որ Հենրիխը շատ է ճամփորդում: Դրանք միշտ ուրախության ու անկրկնելի զգացողությունների պահեր են:

-Ի՞նչն ես մարդու մեջ գնահատում առավել շատ: Ինչպիսի՞ն պետք է լինի մարդը ըստ Մոնիկա Մխիթարյանի:

-Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքնին շատ տաղանդավոր է և յուրաքանչյուր մարդ շատ հետաքրքիր է ինքնին: Ես սիրում եմ մարդկանց հետ կիսվել փորձով և ուսումնասիրել տարբեր մարդկանց փորձը: Մեր երկրում բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր մարդիկ կան և մենք պետք է կարողանանք օգնել նրանց կյանքում ինչ-որ բանի հասնելու: 

-Որո՞նք են քո կյանքի կանոնները: Կարող ե՞ս գոնե հինգ կանոն թվարկել:

-Լինել զգայուն և երբեք չդատել մարդկանց, լինել բաց, բայց՝ շրջահայաց, լինել պատրաստված, գերազանցել ինքդ քեզ, լինել վճռական և հավակնոտ: Իսկ հինգերորդը՝ «ուղղակի արա»:

-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար:

-Այս պահին աշխատում եմ ՈՒԵՖԱ-ում: Աշխատում եմ մի ծրագրում, որը խնդիր ունի աջակցել ազգային ասոցիացիաներին կոմունիկացիոն ռազմավարության ոլորտում: Ապագայում՝ չգիտեմ: Եթե մի օր թողնեմ ՈՒԵՖԱ-ն, գուցե զբաղվեմ իրենց պրոֆեսիոնալ կարիերայում ֆուտբոլիստներին աջակցելու հարցերով:  

-Եթե նորից ընտրեիր կյանքը, կգնայի՞ր նույն ճանապարհով:

-Դժվար է ասել: Իրականում՝ չգիտեմ:  Ես գոհ եմ իմ ձեռքբերումներով, բայց ես համառ եմ ավելիին հասնելու հարցում:

 Նյութի աղբյուրը` thearmenians.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին