▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Աղասի Այվազյանի կինն ուզում հավերժացնել ամուսնու հիշատակը. գրողի այրին օգնության կարիք ունի

Հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդիյանը, օգնության կարիք ունի: Մասնագիտությամբ մանկավարժ 80-ամյա տիկին Գրետան Աղասի Այվազյանի տուն-թանգարանը հիմնելու ցանկություն ունի, սակայն այդ նպատակի համար համապատասխան միջոցներ չկան: Այս մասին Գրետա Վերդիյանը հայտնեց Asekose.am-ին` նշելով, որ այս պահին ամուսնու  նկարները վաճառելու մտադրություն ունի:

«Տուն-թանգարանի ստեղծման համար նկարները վաճառելու ցանկություն ունեմ, սակայն ոչ թե առանձին-առանձին, այլ հավաքածուով, սակայն արժեքի մասին չեմ ցանկանում խոսել: Կարծում եմ, որ ճիշտ չի լինի, միայն կարող եմ ասել, որ արտեկրից արդեն կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են նկարներով, բայց ես չեմ ցանկանում, որ դրանք Հայաստանից դուրս տարվեն, քանի որ Աղասի Այվազյանի նկարները մեծ արժեք են նաև Հայաստանի համար: Եթե նկարները վաճառվեն, այդ գումարը կբավականեցնի Սունդուկյան փողոցում տարածք գնելու համար: Մոտ 70 նկար կարող եմ վաճառել, որոնցից մոտ 60-ը հենց Աղասի Այվազյանի աշխատանքներն են: Իհարկե, ափսոսանք կա, որ ստիպված եմ վաճառել, սակայն հույս ունեմ, որ գնորդը բարեխիղճ մարդ կլինի: Ես դիմել եմ տարբեր մարդկանց, սակայն դեռևս ապարդյուն: Մշակույթի նախարարությունում ասացին, որ հետագայում կօգնեն ցուցահանդես կազմակերպել, սակայն դա շատ բարդ աշխատանք է»-նշեց Գրետա Վերդիյանը:

Աղասի Այվազյանի այրու խոսքով` ինքը չի ցանկանում սահմանափակվել միայն տուն-թանգարանի ստեղծմամբ:

«Աղասի Այվազյանը գրող, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ էր, ըստ այդմ էլ` չեմ ցանկանում տուն-թանգարանում ներկայացվեն միայն իր իրերը և արխիվը, թեպետ դա էլ, իհարկե, կլինի: Մեծ ցանկություն ունեմ տուն-թանգարանում համապատասխան խմբակներ բացել, օրինակ` նկարչության, կինոյի, գրականության: Պետք է կրթել սերնդին, ցավով, պետք է փաստել, որ ներկայիս սերունդը շատ քիչ է շարադրություններ գրում: Երեխաներին դասավանդման հարցում ինձ կօգնեն թոռներս, ովքեր այս պահին Հայաստանում չեն»:

Ըստ Գրետա Վերդիյանի` տարածք ձեռք բերելուց հետո ինքը կխնդրի գնորդին հենց տուն-թանգարանի բացման օրն Աղասի Այվազյանի նկարները ցուցադրել: Տիկին Գրետան մեծ հույս ունի, որ իրեն կհաջողվի իրականացնել իր մեծ ցանկությունը և այդ ձևով ևս մեկ անգամ հավերժացնել ամուսնու հիշատակը:

Հավելենք, որ Աղասի Այվազյանի ամենահայտնի աշխատանքներից են «Եռանկյունի»-ն և «Հայրիկը»: Դրանք, թերևս, հայկական կինոյի լավագույն նմուշներից են:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին