Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերն այդքան էլ լավ չեն: Նա պատրաստվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը վաճառել ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանին: Armtimes.com-ի տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը «Հայկական զարգացման բանկի» վաճառքից հետո ազատվում է նաեւ Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ից, քանի որ մտադիր է լքել երկիրը: ՀՖՖ նախագահը նաեւ մտահոգություն ունի, որ իր տղան՝ Ռաֆիկ Հայրապետյանը, չի կարողանալու մարզական ակումբը ճիշտ կառավարել` առանց իր մասնակցության: Այդ նպատակով «Հարսնաքար» ռեստորանային համալիրին եւ Ֆուտբոլի ակադեմիային հարող տարածքում եւս մեկ ռեստորանային համալիր է կառուցում, որպեսզի տղային անգործ չթողնի:
Ռաֆիկ Հայրապետյանը «Փյունիկ»-ը ղեկավարում է 2012 թվականից: 2010 թվականին մամուլը գրեց, որ ակումբը ձեռք է բերել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ճշգրտման համար նշենք, որ որպես իրավաբանական սուբյեկտ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված են «Փյունիկ» հասարակական կազմակերպությունը (Սամվել Ալեքսանյանը հկ-ի մասնակիցների ցանկում է) եւ «Փյունիկ ՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Փյունիկ ՖԱ»-ի ղեկավարը, ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, դեռ Ռուբեն Հայրապետյանի որդին է: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է ընդամենը 18 տարեկան հասակում: Ռաֆիկ Հայրապետյանն այժմ 23 տարեկան է: Փորձեցինք տեղեկությունը ստուգել անձամբ Ռուբեն Հայրապետյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համազգեստին շարունակվում է պատկերված մնալ «Հայկական զարգացման բանկ»-ի գովազդը: «Հայկական զարգացման բանկ»-ը 2016 թվականին Ռուբեն Հայրապետյանը վաճառեց ԱԺ նախկին պատգամավորր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատ» բանկին, սակայն ենթադրվում է, որ բանկի ակտիվների փոխանցման գործարքի վերջնական փուլում բանկի գովազդը «Փյունիկի» համազգեստից կհանվի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում