▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրականագետի կարծիքը Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի աննախադեպ վաճառքի վերաբերյալ

Ռուս իրականության ամենահայտնի գրողներից մեկը, «Ясная поляна» գրական մրցանակի դափնեկիր, հայազգի Նարինե Աբգարյանը օրերս հայ ընթերցողի առաջ դրեց առաջին անգամ հայերեն լեզով հրատարկվող «Մանյունյա» վեպը։

 «Մանյունյան» թարգմանվել է 9 լեզվով։ Չնայած այն բանի, որ գիրքը գրվել է 2010 թվականին, մինչ օրս այն մեծ հեղինակություն է վայելում ռուս ժամանակակից գրականության շրջանակներում։ Պատահական չէ, որ «Մանյունյան» երկար տարիներ ամենավաճառվող գրքերից մեկն է եղել (և մնում)։

Նշենք, որ գրքի վաճառքից գոյացած հասույթը Նարինե Աբգարյանն ուղղելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից մեկի երեխաներին։

Շնորհանդեսը վերածվեց գրքի «փառատոնի»։ Կամերային թատրոնում ասեղ գցելու տեղ չկար, հենց առաջին օրը վաճառվեց գրքի 400 օրինակ, որը աննախադեպ էր Հայաստանի անկախ հանրապետության հչռակումից ի վեր։ Նարինե Աբգարյանի գրքի աննախադեպ վաճառքի այս յուրօրինակ ֆենոմենը հասկանալու համար, մեկնաբանություն խնդրեցինք Granish.org կայքի գլխավոր խմբագիր, գրականգետ Հասմիկ Հակոբյանից։

Նարինե Աբգարյանի վաճառված գրքերի ցուցանիշը միայն շնորհանդեսի ժամանակ բնականաբար աննախադեպ է, սակայն չոր թվերին նայելուց բացի կցանկանայի մի փոքր այլ կողմից հարցին մոտենալ և մի քանի դիտարկում անել: Նարինե Աբգարյանի գրականությունը պարզ է ու անկեղծ, ընթերցողների հուզական դաշտի հետ անմիջական կոնտակտի մտնող, բայց մյուս կողմից ինքներս էլ գիտենք, թե մեդիադաշտի «փիառ» տեխոնոլոգաների միջոցով ինչպես է հնարավոր հայտնիություն ապահովել: Այս դեպքում Նարինե Աբգարյանի  բեսթսելլեր գրքերի հետևում կանգնած է ռուսական մեծ մեդիադաշտը իր անսահման հնարավորությունները, հավելյալ «Բուկինիստ» գրախանութի կազմակերպած ճիշտ գովազդային արշավը, որը Հայաստանում կարող է նման գրական տոն ստեղծել և 400 օրինակ վաճառված գիրք ամրագրել:

Մյուս կողմից՝ կարծում եմ անհամաչափ է համեմատել Նարինե Աբգարյանի ու Գուրգեն Խանջյանի կամ որևէ հայաստանաբնակ ժամանակակից այլ գրողի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունը՝ ելնելով զուտ թվային վաճառքի տվյալներից: Իրականում մենք ունենք ժամանակակից հայ գրողներ ՝ Հրաչ Սարիբեկյան, Արմեն Օհանյան, Արամ Պաչյան, որոնց  գրքերը շնորհանդեսի օրը վաճառվել են 200 և ավել օրինակներով, այն դեպքում, երբ միայն հայկական մեդիադաշտի սահմանափակ տարածքներում է կատարվել նրանց գրքերի կամ շնորհանդեսների իրազեկման գործընթացը: Այսպես ասած՝ ջանքի, օգտակար գործողության գործակցի տեսանկյունից, գուցե,  այս թիվն ավելի մեծ է:

Այնուհանդերձ, կուզեի նշել նաև, որ մեր իրականության մեջ դեռ շարունակվում է արդիական լինել դրսում կայացած գրողի կամ մշակութային գործչի նկատմամբ  մեծ վստահությունը, այնպիսի վստահութուն, որը չունեն սեփական երկրում ստեղծագործող գրողի հանդեպ: Ցավոք սրտի՝ երևույթը հին արմատններ ունի. միայն Մոսկվայում հաջողության հասնելուց հետո է, որ Հայաստանում ժամանակին լուրջ սկսեցին ընկելել Հրանտ Մաթևոսյանին ու Պարույր Սևակին:

Նյութը պատրաստեց Հովհաննես Եսայանը

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին