▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

180 միլիոնի մութ ամպեր «Առաջին ալիքում»․ Ինչու՞ նախարարը ադեկվատ չի համարում քննադատել Մարգարիտային

Այս տարի ՀՀ պետական բյուջեից Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տրամադրվել է մոտ  7․1 միլիարդ դրամ (գործազուրկներին տրամադրվող պետական միջոցներից մոտ երեք անգամ ավելի շատ)։ Սակայն այս հսկա միջոցների տնօրինման հետ կապված «Առաջին ալիքը» հայնվեց մի քանի աղմկահարույց բացահայտումների կիզակետում։

Հայաստանյան մամուլը բազմաթիվ փաստական հրապարակումներով անդրադարձել է «Առաջին ալիքի» ղեկավարության գործելաոճին՝ ի ցույց դնելով խիստ մտահոգիչ խնդիրներ։

Ըստ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի (03.11.17 համարի) բացահայտված մեծամասշտաբ խախտումների կենտրոնում հայտնվել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

«Հ1-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ կրճատվել են նաեւ գործուղումների համար տրամադրվող գումարները։ Երբեւէ չի եղել տարի, որ արտասահման՝գործուղման մեկնող աշխատանքային խմբերը գործուղման գումար չստանան։ Իսկ հիմա այդ գումարը կամ ընդհանրապես չեն տալիս, կամ տալիս են, բայց իրենց նախընտրելի մարդկանց։ Չեն վճարում նաեւ որոշ աշխատակիցների հասանելիք արձակուրդային գումարները», - նշում է օրաթերթը։

Ըստ ասեկոսեների, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն այս կրճատումների հաշվին կարողացել է իր աշխատավարձի նշաձողը հասցնել բաղձալի 5 միլիոն ՀՀ դրամի շեմին։

Օրեր առաջ էլ մամուլում սկսեցին շրջանառվել տեղեկություններ այն մասին, որ Հանրային հեռուստաընկերությունը մոտ 180 միլիոն դրամի ոչ նպատակային ծախսեր է իրականացրել։

Սա պարզվել էր ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում (ստուգումներն իրականացվել են վերջին 3 տարիների գործունեության շրջանակներում)։

Չնայած, որ «Առաջին ալիքը» պարտավորվել է պետական բյուջե վճարել ոչ նպատակային ծախսված 180 միլիոնը, Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը այդքան էլ համաձայն չէ ֆինանսների նախարարության ակտերի հետ։

Ըստ «Հայկական ժամանակ» լրատվական կայքին տված մեկնաբանության՝ տիկին Մարգարիտան պնդում է․ « Մենք իհարկե ընդունել ենք իրենց դիտողությունները եւ պարտավորվել ենք գումարը վճարելու, բայց այնպես չէ, որ 100 տոկոսով համաձայնվել ենք»:

Այստեղ ամենահետաքրքիրն ու տարօրինակը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի դիրքորոշումն է։

 «Այդ 180 մլն դրամը նրանք կվերականգնեն: Մենք արձանագրել ենք նաեւ հ/ը-ի կառավարման համկարգում բարելավումների անհրաժեշտություն, որը Մարգարիտան փորձում է իրականացնել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է ադեկվատ քննադատել Մարգարիտային, որովհետեւ Մարգարիտան փորձում է համընդհանուր կառավարման միջոցով բարձրացնել համակարգի արդյունավետությունը» , - այսպիսի մեկնաբանություն էր տվել նախարարը. Վարդան Արամյանն, ի դեպ,  հենց «Մարգարիտա» է ասում, ոչ թե տիկին Գրիգորյան. մի քիչ տարօրինակ չէ՞...

Նախարարը ադեկվատ չի համարում քննադատել նրան, ում օրեր առաջ պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու համար ակտավորել է 180 միլիոն դրամի չափով։ Այստեղ կամ իշխում են մաքուր զգացմունքները, կամ էլ ֆինանսական կծիկի թելը քարկապ քցելու անհույս փորձեր են։ Երկու դեպքում էլ նախարարի նման ռեակցիան «ադեկվատ» համարելը մի փոքր դժվար է։

Ինչպես արդեն նշեցինք, Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է մեր՝ հարկատուների միջոցներից, այսինքն՝ մենք ենք «պահում» այդ հեռուստաալիքը, մեր գրպանի փողն են չարաշահում կամ ոչ նպատակային ծասում և հենց մենք իրավունք ունենք օբյեկտիվ գնահատական տալ  իշխանության թիվ 1 գործիքին։

Իսկ թե որքանով է հեռուստաընկերությունը ծառայում հանրությանը, արդյոք արդյունավետ են վերջինիս կրթական, մշակութային ծրագրերն ու նախաձեռնությունները, թող գնահատեն «ադեկվատները»։

 

Հովհաննես Եսայան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին