▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կյանքն ուժեղինն է. ինչպես է երիտասարդ Օնո Հակոբյանն անում այն, ինչ ուզում է՝ կոտրելով կարծրատիպերը

Մարդ կարող է ամեն ինչ անել, ամեն ինչի հասնել, եթե ունի ցանկություն, ամեն ինչ մարդու ձեռքերում է, կարևորն այն է, որ մարդու սրտում արև լինի. այսպես է մտածում երիտասարդ նկարիչ Օնո Հակոբյանը: Նկարչի ընտանիքում մեծացած Օնոն խոստովանում է, որ նկարիչ ոչ թե դարձել է, այլ՝ ծնվել, նա իրեն այսօր երջանիկ ու հաջողակ է համարում:

Անում եմ այն, ինչ ուզում եմ 

Նկարելն ինձ համար ինքնախոստովանության պես բան է, ինձ բացաձակ չեն հետաքրքրում իզմ-երն ու ուղղությունները, չեմ կենտրոնանում ուղղության վրա, քանի որ դա ինձ կսահմանափակի: Ինչն իրական է, ինձ չի հետաքրքրում, ես իմ ներսի աշխարհն եմ փորձում ավելի հասանելի դարձնել: Ինձ համար կարևորն այն է, թե ես ինչ եմ զգում և ինչ եմ կարողանում վերարտադրել կամ ինքս ինձ ինչպես եմ կարողանում ներկայացնել:  Անում եմ այն, ինչ ուզում եմ` շատ ազատ, անկախ:

Չեմ կրկնօրինակում հորս, որն ինձ համար ամենակարևորն է     

Հայրս` Ալբերտ Հակոբյանը, նկարիչ է, բայց և՛ իմ, և՛ շատերի կարծիքով` մենք ոչ իրար նման նկարում ենք, ոչ էլ՝ զգում, ինչի  համար ուրախ եմ, քանի որ չեմ կրկնօրինակում հորս, որն ինձ համար ամենակարևորն է:  Իհարկե, լինում են բաներ, որոնք նրան դուր չեն գալիս, սական նա աշխատում է չխառնվել իմ գործերին, խորհուրդներ չտալ, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Ես շատ ազատ եմ ապրում ու նկարում

Նկարում եմ հիմնականում գիշերը, երբ ամեն ինչ հանգիստ է , այդ պահին եմ կենտրոնանում, կարող եմ նկարել մարդկանց հետ շփումից կամ լավ երաժշտությունից առաջացած հույզերի ազդեցության տակ, կոնկրետ որևէ սամանափակում չկա: Ես շատ ազատ եմ ապրում ու նկարում: Ինձ ամեն ինչ կարող է ոգեշնչել, սակայն բացասական երևույթների ազդեցության դեպքում աշխատում եմ չնկարել, քանի որ չեմ ուզում մարդկանց իմ նկարներով վատ հույզեր փոխանցել: Ի տարբերություն շատ նկարիչների` ես ոչ թե գույնով նկարում եմ, այլ` գույնով մտածում եմ, այս շրջանում նկարներիս մեջ գերակշռողը կապույտն է, սակայն կարևորը գույները միմյանց կողքի ճիշտ դնելն է:

Նկարը հավանում են կամ` ոչ 

Անկեղծ ասած` արվեստի ոլորտում ինձ համար հեղինակություն էր Հենրիկ Իգիթյանը, ով ունեցել է հրաշալի աչք, զգացել է մաքուր արվեստը:Ինձ համար այսօր իսկական մտավորականի նման ապրում է Արտավազդ Փելեշյանը, ով ոչ մի փոխզիջման չի գնում, ինչը շատ կարևոր է արվեստագետի համար: Նկարը հավանում են կամ` ոչ, պրիմիտիվ խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում: Ցանկացած առողջ քննադատություն հանգիստ եմ ընդունում, եթե դա չեն անում նախանձից դրդված: Ես ինքս չեմ կարող ասել, թե ինչ եմ նկարում, ամեն ինչ անում եմ պահի ու հույզերի ազդեցության տակ:

Նկարելն ինձ համար հոբբի է և ապրելաձև

Նկարելն ինձ համար հոբբի է, ես դրանով եմ ապրում, դա իմ ապրելաձևն է: Ինձ չեն հետաքրքրում  միջակ բաները, ես մաքսիմալիստ եմ:  Այս տարիքում գոռոզություն կլինի իմ կողմից ասելը, որ ես մտավորական եմ:

Ես երբեք պատվերներ չեմ անում` անկախ առաջարկվող գումարից ու առաջարկողից

Իմ ապրուստի միջոցը իմ նկարներն են: Ես երբեք պատվերներ չեմ անում` անկախ առաջարկվող գումարից ու առաջարկողից, քանի որ պատվերների դեպքում ինձ դնում են սահմանափակումների առաջ: Իմ կարծիքով՝ արվեստ սիրող ու գնահատող մարդը կգտնի միջոցներ նկար գնելու համար:

Այդ կարծրատիպն ինձ համար զզվելի է

Նկարիչ լինելը չի նշանակում աղքատ լինել կամ վատ հագնված, այդ կարծրատիպն ինձ համար զզվելի է: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ սոված փորով լավ մտքեր են ծագում, ինձ համար լավ մտքերը ծագում են կուշտ փորով:

Գործունեությունս ծավալում եմ նաև Հայաստանի սահմաններից դուրս

Գործունեությունս ծավալում եմ նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ Լոնդոն, Շվեյցարիա, Ամերիկա, Գերմանիա:  Հայաստանում ցուցահանդեսներ անելու առումով մի փոքր պասիվ եմ: Փյունիկ հիմնադրամի և Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ վերջերս իմ լավ բարեկամ Գաբրիել Չեմբերջյանի հետ ցուցահանդես կազմակերպեցինք, որի վաճառքից գոյացած հասույթի մի մասը տրամադրվել էր զինհաշմանդամներին: Ցուցահանդեսներ ունեցել եմ  Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում 2 ցուցահանդես եմ ունեցել, պատրաստվում եմ հաջորդ տարի Քաթարի ցուցահանդեսին:

Մարդ կարող է ամեն ինչ անել, եթե ունի ցանկություն, ամեն ինչ մարդու ձեռքերում է

Ես շատ երջանիկ մարդ եմ, շնորհակալ եմ ընտանիքիս ու շրջապատիս: Կարծում եմ, որ ամենակարևորը ՝մարդու սրտում արևի լինի: Լավ արդյունքի հասնելու համար պետք է շատ աշխատել: Այսօր շատ եմ տեսնում երիտասարդների, ովքեր  բողոքում են ամեն ինչից, մինչդեռ  հաշմանդամներից շատերին նայելիս ապրելդ գալիս է, բա իրենք ինչի՞ց բողոքեն, մեկը ներկ չունեալուց է բողոքում, մյուսը՝ ոտք ու աչք չունի, որի բողոքն է ավելի հիմնավոր: Մարդ կարող է ամեն ինչ անել, ամեն ինչի հասնել, եթե ունի ցանկություն, ամեն ինչ մարդու ձեռքերում է: Ես ուզում եմ, որ շրջապատիս մարդիկ էլ երջանիկ լինեն, կարծում եմ՝ էգոիստ մարդը մարդու ամենաչծաղկող տեսակն է, ցանկացած պարագայում մարդ մնալն առաջնային է:

Նշենք, որ դեկտեմբերի 21-ից Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ռետորանում  ցուցադրվում են  Օնո Հակոբյանի աշխատանքները:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին