Շատ շուտով Հայաստանում կմեկնարկի գեղեցկության նոր մրցույթ, որը մասնակցող աղջիկների, ինչպես նաև հաղթող մասնակցի համար ճանապարհ կբացի դեպի գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթների բեմեր: Asekose.am-ը զրուցել է մրցույթի ղեկավար, ինչպես նաև «Միսս Հայաստան 2012»-ի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանի հետ, ով պատմել է սպասվող մրցույթի մանրամասների, կազմակերպչական աշխատանքների և մրցույթից հետո աղջիկների գործունեության շարունակության մասին:
«Ինչպես գիտեք, Հայաստանում 2012թ>-ից հետո գեղեցկության մրցույթներ չէին անցկացվել, բացառությամբ` նախորդ տարի կայացած «Միսս Արմենիա» մրցույթից: Այդ պատճառով որոշեցի կազմակերպել նոր մրցույթ և ասեմ, որ ինքս այս մրցույթը համարելու եմ մեր երկրում անցկացվող ամենակարևոր մրցույթը: Այս մրցույթի շուրջ հավաքվել են այնպիսի մարդիկ, ովքեր շատ պրոֆեսիոնալ են, և նրանցից յուրաքանչյուրն անմիջական կապ ունի նորաձևության հետ»,- պատմեց Մամիկոն Դանիելյանը:
Վերջինս նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ մրցույթին մասնակցելու հայտագրումը դեռ չի մեկնարկել, բայց իրենց արդեն իսկ դիմել են աղջիկներ, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու մրցույթին.
«Նրանք այն աղջիկներն են, այն մոդելներն են, ովքեր ինչ-որ չափով կապ ունեն այս բնագավառի հետ, սակայն հանգամանքների բերումով չեն վստահել այս կամ այն գեղեցկության մրցույթին»,- տեղեկացրեց Մամիկոն Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այս մրցույթի շեշտը դրված չէ նրա վրա, որ մրցույթին մասնկացեն միայն որպես մոդել հանդես եկող աղջիկներ, հակառակը, ինչպես նշեց Մամիկոնը, իրենք նպատակ ունեն մրցույթը դարձնել հանրային, ինչի արդյունքում դրան հնարավորություն կունենան մասնակցելու նաև աղջիկներ Հայաստանի բոլոր շրջաններից.
«Երբ 2012թ.ես կազմակերպեցի «Միսս Հայաստան»-ը, հավաքագրվել էին ավելի քան 800 հոգի, այս տարի էլ հույս ունեմ, որ շատ աղջիկներ ցանկություն կհայտնեն մասնակցելու մրցույթին, որոնցից 24-ը կանցնեն եզրափակիչ փուլ: Շատ ցանկալի է, որ այդ աղջիկները լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև հնարավորինս համապատասխան լինեն նորաձևության միջազգային չափանիշներին, իսկ նրանց տարիքն էլ չգերազանցի 26-27-ը»,- ավելացրեց մրցույթի ղեկավար Մամիկոն Դանիելյանը:
Վերջինիս խոսքով՝ ոչ միայն մրցույթում հաղթող մասնակիցը, այլ նաև բոլոր աղջիկները մրցույթի ավարտից հետո շարունակելու են իրենց գործունեությունը: Իսկ մինչ բուն մրցույթը, նրանցից յուրաքանչյուրի հետ տարվելու է անհատական աշխատանք, որպեսզի վերջիններս կարողանան ինչպես որ հարկն է ներկայանան բեմում.
«Ընտրելու ենք Հայաստանի գեղեցկուհուն, ով կներկայացնի մեր երկիրը գեղեցկության տարբեր միջազգային մրցույթների բեմերում: Արդեն իսկ բանակցություններ են տարվում մի քանի հեղինակավոր մրցույթների կազմակերպիչների հետ, փորձելու ենք այնպես անել, որ մեր աղջիկները հայտնվեն գեղեցկության համաշխարհային բեմերում և դառնան տարբեր գովազդային գործակալությունների դեմքերը, ինչպես նաև աշխատեն միջազգային մոդելային հեղինակավոր գործակալությունների հետ»,- մանրամասնեց Մամիկոն Դանիելյանը:
Խոսելով մրցույթի մրցանակային ֆոնդի մասին՝ Մամիկոնը նշեց, որ դա, անկասկած, լինելու է, բայց թե կոնկրետ որքան, նա այս պահին դժվարացավ նշել.
«Ներկայումս այդ ուղղությամբ ևս բանակցություններ են տարվում: Հնարավոր է, որ որպես գլխավոր մրցանակ հանձնվի ավտոմեքենա կամ գումար, այս պահի դրությամբ դա դեռ անորոշ է: Բայց մեզ համար ամենակարևորն այն է, որ մրցույթին մասնակցող բոլոր աղջիկներն որպես մոդելներ ունենան իրենց կարիերայի շարունակությունը»,- նշեց Մամիկոն Դանիելյանը՝ ավելացնելով.
«Մենք՝ մրցույթի կազմակերպիչներս, նպատակ չունենք կազմակերպել մրցույթ պարզապես կազմակերպելու համար: Մենք այս ամենին մոտնենում ենք բավական պրոֆեսիոնալ տեսանկյունից, քանի որ եթե ամեն ինչ չստացվի այնպես, ինչպես որ մենք ենք ցանկանում, ապա դա կազդի մեր մրցույթի հեղինակության վրա, իսկ նման բան ես չեմ ուզում: Այս մրցույթի միջոցով ես ցանկանում եմ, որպեսզի մեզ մոտ գեղեցկութունը դիտարկվի այլ կողմից»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Դանիելյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան