Մարտի 17-ից 25-ը Rubaru Group-ի կողմից Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կանցկացվի «Miss Supermodel Worldwide» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որին կմասնակցի նաև Հայաստանը: Asekose.am-ի հետ զրույցում «Miss Supermodel Worldwide» միջազգային գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն, «Miss Armenia Cosmopolitan World 2017», ֆոտոմոդել Յանա Գրիգորյանը մանրամասներ է պատմել մրցույթի և Հայաստանը ներկայացնող 23-ամյա հայուհու մասին:
«Miss Supermodel Worldwide» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթն արդեն 4-րդ տարին է անցկացվում Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում: Մրցույթին մասնակցելու են 52 երկրի ներկայացուցիչներ: Ես` որպես այդ մրցույթի ազգային նախագահ, քասթինգից հետո ընտրեցի Անաստասիա Վիվտաշին: Անաստասիայի հայրը հայ է, մայրը` հրեա, իսկ քանի որ բոլորս գիտենք, որ հրեաների մոտ երեխաները կրում են մոր ազգանունը, այդ իսկ պատճառով Անաստասիայի ազգանունը հայկական չէ: Քասթինգի մասնակիցները մոտավորապես պետք է համապատասխան լինեին 90-60-90 ընդունված չափերին: Մեր ներկայացուցչի չափերը 84-63-94 են, հասակը` 1.73 սմ: Նրա մեջ առաջին հերթին ինձ գրավեց նրա բնական գեղեցկությունը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Անաստասիային և նրա` մրցույթում հաջողություններ գրանցելու հավանականությանը, Յանան նշեց.
«Անաստասիան սովորում է Թատերական ինստիտուտում, 2 ու կես տարի է, որ համագործակցում է մոդելային տարբեր գործակալությունների հետ: Սա միջազգային առաջին գեղեցկության մրցույթն է, որին նա կմասնակցի: Անասատասիայի` որպես մոդել հանդես գալը նրան կօգնի անկաշկանդ լինել բեմում: Կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ կլինի: Այս տարվա մեր մասնակցի շանսերը բավական բարձր եմ գնահատում: Կարծում եմ, որ եթե նույնիսկ նա չհաղթի կամ ինչ-որ տիտղոսի չարժանանա, ապա համագործակցության առաջարկներ հաստատ կստանա»:
Յանայի կարծիքով` մրցույթը կարող է բազմաթիվ դռներ բացել մասնակիցներ առաջ, նրանց տարբեր մոդելային կազմակերպությունների հետ աշխատելու հնարավորություն տալ.
«Մրցույթն այս տարի է անվանափոխվել «Miss Supermodel Worldwide», մինչ այդ կոչվում էր «Miss Supermodel International»: 2017 թվականին այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է Հռիփսիմե Սարգսյանը: Չնայած նրան, որ նա ոչ մի տիտղոսի չի արժանացել, սակայն բազմաթիվ աշխատանքային առաջարկներ է ստացել, և այս պահին գտնվում է Նյու Յորքում»:
Յանայի խոսքով` իրենք այս պահին անում են հնարավոր ամեն ինչ` մրցույթին պատշաճ կերպով ներկայանալու համար, քանի որ Անաստասիայի մասնակցությունը հաստատվել է միայն 1 շաբաթ առաջ, իսկ մրցույթին մոտ 1 ամիս է մնացել;
«Քննադատություններն արդեն սկսվել են, Անասատասիան հասցրել է նույնիսկ շատ վատ բովանդակությամբ անձնական նամակ ստանալ, բայց մենք պատրաստ ենք այդ ամենին և ժպիտով ենք վերաբերում նմանտաիպ բաներին»,- ասաց մեր զրուցակիցը:
Զրույցի վերջում Յանան հայտնեց, որ Հայաստանում անցկացվող մրցույթը տեղի կունենա հունիսին.
«Բոլոր այն աղջիկները, ովքեր կցանկանան մասնակցել Հայաստանում անցկացվող մրցույթին, կարող են դիմել ինձ: Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու գեղեցկության տարբեր մրցույթների և կհամագործակցեն մոդելային տարբեր կազմակերպությունների հետ»:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան