▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհում նման բան չկա...Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ էր: «2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։
Չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում։ Նշվածի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում՝ հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ մարմինների իրավասությունների տիրույթում»,
-նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրներն ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։
«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի մյուս հանձնարարականը վարչական գործերով ներկայացվող բողոքների վերաբերյալ էր: «2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ էինք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանի բեռնաթափման հարցին։ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված նշված հարցերի կարգավորմանը։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա և դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ: Արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվեց 3-ով»,-նշել է Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա, և նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ։ Առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում՝ կներկայացվեն առաջարկություններ։ Արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը վերաբերում էր առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը: «Նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։ Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերն ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է առողջապահության նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։ «Մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որոնց հաստատուն ծախսերից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: Դրանք ունեն բարձր առաստաղներ, պահանջում են ջեռուցման համար մեծ ծախսեր. աշխարհում նման բան չկա»,- ընդգծել է վարչապետը:

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով.

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին