▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց արժանապատվությունը նսեմացող հաղորդման համար պետք է պախարակել ոչ թե այդ աղջկան, այլ այն եթեր տվողներին...

 

 

Համացանցի հայ օգտատերերը զզվանքով, զարմանքով ու զայրույթով են անդրադարձել «Լավ երեկոյի» Արուսիկ Տիգրանյանի  մարտի 8-յան ռեպորտաժին ՝ կանանց գաղութից: 

«ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն, ՀՀ արդարադատության նախարարություն, մեկ տարի է դիմում եմ Ձեզ, որպեսզի թույլ տաք նկարահանում կատարել դատապարտյալների հիվանդանոցում: Ամեն անգամ մերժում եք, թե իբր ծանրաբեռնված եք, հնարավոր չէ....նման շոուների ու մարդկանց արժանապատվությունը նսեմացնող հաղորդումների համար միշտ ժամանակ ունեք, չէ...»,-գրել է փաստաբան Գրիշա Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Լրագրող Մհեր Ղալեչյանն էլ այս առիթով գրել է. 

««Թռիչք կկվի բնի» վրայով ֆիլմը նկարահանելիս, մինչեւ նկարահանումները դերասանները, այդ թվում՝ Ջեք Նիքոլսոնը, մի 15 օր ապրել են հոգեբուժարանում: Ապրել են նույն պայմաններում ու ռեժիմով, ինչ՝ հիվանդանոցում բուժվողները: Նրանց հետ ամբողջ օրը շփվել են, զրուցել են, մասնակցել են հոգեբանական ու սոցիալական թերապիայի սեանսներին, բժիշկների հետ են խորհրդակցել, կերել նույն հացը: Այդ ամենն արվել է նրա համար, որ դերասանները հոգեբուժարանի ներսի կյանքը հասկանան, ընկալեն, իրենց կաշվի վրա զգան այնտեղի մթնոլորտը, որպեսզի ֆիլմի բուն նկարահանումների ժամանակ ավելի ճիշտ արտացոլեն հիվանդների կենսակերպը, զգացմունքները: Ջեք Նիքոլսոնն ասում է, դերասաններն այնպես էին մտել իրենց դերի մեջ, որ մեկ-մեկ չէր կարողանում ջոկել, ով է հիվանդը, ով՝ դերասանը:

Այ, եթե այդ աղջիկը, այդ «Լավ երեկոյի» Արուսիկ Տիգրանյանը մինչեւ իր հաղորդումը պատրաստելը մի երկու շաբաթ ապրեր քրեակատարողական հիմնարկում, ներսից զգար այնտեղի կյանքը, շփվեր կալանավոր կանանց հետ, ծանոթանար նրանց հույզերին, զգացմունքներին, նրանց հետ հավասար տաներ գաղութի բոլոր դժվարությունները, պայմանները, նման գռեհիկ հաղորդում չէր անի, կհասկանար, որ գաղութում կյանքը ուրախ չէ, որ չի կարելի ծաղրել կանանց, կոպիտ ասած՝ «կայֆ բռնել» նրանց վրա, որ նրանք մեր պես մարդիկ են, ամեն մեկը յուրովի անհատականություն, որոնք իրավունք ունեն սիրել ու հարգել, սիրվել ու հարգվել, որոնք կքված են իրենց բաժին հասած ճակատագրի տակ: Շատ, շատ ամոթալի տեսանյութ էր:

Թեպետ, առաջին հերթին այդ աղջկան չպետք է պախարակել, այլ նման հաղորդումը եթեր թույլ տվածներին: Կարծեմ, մի հատ նախկին տափակ «կվն»-շիկ է ղեկավարը: Այդ անձնավորությունը մինչեւ հիմա չի հասկացել, որ ամեն տեղ չէ, ու ամեն բան չէ, որ կարելի է հումորի ու ծաղրի վերածել: Ու խիստ կասկածում եմ, որ երբեւիցե կհասկանա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին