Այսօր խորհրդարանում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկելուց հետո գունավոր ծուխ արձակող պայթուցիկ վառեց: Նրան միացավ պատգամավոր Լենա Նազարյանը:
«Ոնց ու շոուն չստացվեց։ Բացեք դռները, որ նորմալ աշխատենք։ Թող հանրությունը որոշի` ով, ինչ է անում ԱԺ-ում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք խոսում ենք հրավառությունների ժամանակը սահմանափակելու մասին, հիմա նաեւ պետք է նշել, թե նաեւ որտեղ պետք է արգելվեն հրավառությունները։ Վայրերի շրջանակը պետք է հստակեցնենք»,- իր հերթին հայտարարեց ՀՀկ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը։
Ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` նշելով. «Այսպիսով, հրդեհի վտանգի է ենթարկվում ԱԺ շենքը, հետո թունավոր նյութերի շնչելու պարտադրանք է առաջացնում։ Այդ արարքն անընդունելի եմ համարում»:
«Սա մսուր մանկապարտեզ չէ, ԱԺ է»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը։
Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը եւս ելույթ ունեցավ` ասելով. «Սա պարտադրված քայլ էր եւ մենք բոլորս պետք է հասկանանք։ Սա ուշադրություն գրավելու տարբերակ է ու դրան պետք է վերաբերվել որպես ըմբոստության քայլ։ Դրա հեգնանքն ու ծաղրանքը տեղին չէ։ Առողջությանը կարող է վտանգե՞լ՝ վստահ չեմ»:
«Պարոն Գորգիսյանն էլ հիմա ստիպված թաշկինակ է օգտագործում, որ վնաս չլինի»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը` մատնացույց անելով Ելք խմբակցության պատգամավորին, որը այդ պահին թաշկինակը դեմքին էր պահել` պաշտպանվելու հրավառությունից առաջացած ծխից։