Asekose.am-ն առանց խմբագրման ներկայացնում է Աշոտ Զաքարյանի բաց նամակը:
«Ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած միջոցները ներդնելով Աշոտ Զաքարյանը փոքր ՀԷԿ է կառուցել Վայք քաղաքում, իսկ մեծահարուստ Գրիգոր Գրիգորյանը, ով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտերիմն է, ՀԷԿ-ն անհատույց վերցրել է Զաքարյանից:
Ինչպե՞ս և ի՞նչ լծակներ օգտագործելով է դա կատարել, արդյո՞ք նրան աջակցել է դատական համակարգը, արդյո՞ք լռում է ՀՀ դատախազությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Իմ ունեցվածքն անհատույց վերցնելու հարցում Գրիգոր Գրիգորյանին աջակցում են դատական համակարգի որոշ դատավորներ, ի դեմս Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատարանի դատավորներ Գ.Բալյանի և Ս.Մատինյանի, ովքեր կարծես թե հանդես են գալիս Գ.Գրիգորյանի ներկայացուցիչներ: Դատավոր Ս.Մատինյանի ձեռքերը դողում են, երբ դատավարության ընթացքում որևէ գործողություն ստիպված է լինում կատարել իմ օգտին: Բացի դատական համակարգի որոշ դատավորներից Գրիգոր Գրիգորյանին աջակցում են ինչպես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այնպես էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և նրա մարդիկ: Նրանցից պահանջում եմ՝ վերջ դրեք ինձ ունեզրկելու գործողություններին:
Պարոն Բակո Սահակյան, Ալիկ Սարգսյան, պարոնայք դատավորներ Ձեզ չի սազում դա, մեծ ռիսկի եք դիմում, այն չի կարող պատիվ բերել Ձեզ: Իմացեք, որ չեմ օգտագործում երկրում ստեղծված իրավիճակը, ուղղակի այլևս չեմ վախենում, իմ ուժն այսուհետ լինելու է ճշգրիտ, հակիրճ և պարզ մամուլը:
ՀՀ դատախազության և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունները լռում են: Տեսնելով, որ իրականությունը կեղծվել, խեղաթյուրվել է, ես անհատույց զրկվել եմ սեփականությունից, իմ դիմումներին ընթացք չեն տալիս: Սա տեղի է ունենում քրեա-օլիգարխիկ համակարգում, երբ մեծահարուստի դեմ սովորական մարդն իրավունք չունի, պետք է վախենա, երբ իրավասու պաշտոնյան լռում է, քանի որ իր անձնական շահին չի վերաբերվում, դատական համակարգն էլ խեղդված է կոռուպցիայի մեջ:
Ես պահանջում եմ Գրիգոր Պուշկինի Գրիգորյանից վերադարձնել իմ ունեցվածքը կամ վճարել դրա արժեքը: Բաց նամակով հայտնում եմ՝ Գրիգոր միշտ բարձունքում չես լինելու, ժամանակը փոխվում է, վերադարձրու ՀԷԿ-ի իմ 74 տոկոս բաժնեմասը կամ դրա արժեքը, վերջ տուր իմ ունեցվածքն ինձանից անհատույց վերցնելու գործողություններդ, դադարեցրու իմ ընտանիքի նկատմամբ հետապնդումներդ, ես չեմ ուզում հավերժ թշնամիներ լինենք»: