ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ ՔԿՀ-ում գտնվող անձանց շրջանակներում շրջանառվում է մտայնությունը` եթե ՀՔԾ կամ ԱԱԾ քննած գործով է ինչ-որ մեկը նստել, ուրեմն անպայման դատվելու է, տարբերակ չունի.
«Պարոն դատախազ, ասում եք` իրավիճակ է փոխվել, հիմա այլ է լինելու, տեսնենք։ Հայտնի Զիբիլիքսի գործն, ըստ էության, չի քննվել։ Եթե նախաքննությունը անկախ լիներ, ապա հիմա մենք նույնիսկ կունենայինք կալանավորված անձինք, սակայն ընտրողական է եղել գործերի հարուցումը։ Ծառահատման երեւույթներին անդրադառնամ. արդյունաբերական նպատակներով անտառները փրթվում են, անտառ չի մնացել, խայտառակ վիճակ է։ Մի գյուղացի են բռնում, ասում, թե նա հինգ ծառ է կտրել, պետք է դատել։ Սակայն շատ է խոսվում, չէ, այսինչ պաշտոնյայի ֆուրն է դուրս գալիս անտառից։ Ով է զբաղվել դրանով։ Ունենք միայն նաեւ խեղճուկրակ գյուղացիներին բռնելու դեպքեր։ Նաեւ ուզում եմ իմանալ` կարճվե՞լ են քաղաքական անհնազանդության օրերին ռադիո մտնելու դեպքով գործերը, եթե ասում եք` իրադրություն է փոխվել, քանի որ գործով նաեւ անցնում են անչափահասներ»։
Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք պատրաստ ենք մեր լուման ունենալ, որ քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ չափանիշները քննարկվեն ու խնդիրներին լուծում տրվեն եւ օր առաջ այդ մարդկանց ազատություն տանք»։