Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի առաջարկով մինչև հունիսի մեկը սկսում են ֆլեշմոբ-ակցիա՝ յուրաքանչյուրը 10 րոպե հեքիաթ կամ բանաստեղծություն կարդալով իր, ծանոթ-բարեկամների, ընկերների, կամ ՝ պարզապես անծանոթների երեխաների համար՝ կոչ անելով բոլորին միանալ ակցիային:
Լիլիթ Մակունցը փոքրիկ Լիկայի համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը»:
«Մշակույթի նախարարը մեր բալիկների համար հեքիաթ է կարդում։
Հերթը յուրաքանչյուրինս է։
Այսպես են խթանում ընթերցանությունը։
Սա է ճանապարհը նոր Հայաստանի...Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ այսպիսի Կառավարություն ունենք։ Ես այս օրվան մեկ դար սպասել եմ»,-այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Անտարես»-ի տնօրենը մշակույթի գործիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ մշակույթի նախարարը հեռախոսով մտնի ուղիղ եթեր եւ 10 րոպեի սահմաններում կարդա հեքիաթ։ Իսկ այդպիսով նա կարող է ցույց տալ, որ ընթերցանության ծրագրերը սկսվում են երեխաներից, երբ երեկոյան ժամին նրանց համար հեքիաթ են կարդում։
Կարդացեք նաև՝ Մայր իմ անուշ ու անգին... Եղիշե Չարենցի սիրված գործը