Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը, որը նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։
«Իմ քայլը» հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Աննա Հակոբյանի ուղերձը: Իր խոսքում վարչապետի տիկինը նշում է. «Սիրելի բարեկամ, ես այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որը ստեղծվել է վերջին 2 ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց և խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում:
«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվել բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ Կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ:
Բոլորին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, խնդրում եմ հետևել մեր գործունեությանը, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և, իհարկե, ներդրումներ անել: Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»:
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք:
Տեսանյութը՝ «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից