7 միլիոնից ավել հետևորդ ունեցող բլոգեր Nas Daily-ին Երևանում է: Նուսեիր Յասինը, որն արմատներով Իսրայելից է, Հայաստանում լինելու է մեկ շաբաթ և նկարահանելու է մեկ րոպեանոց տեսանյութեր՝ բլոգերի տասնյակ հազարավոր հոլովակների ֆորմատին համապատասխան:
Առաջին հոլովակը նվիրված է ծխելու դեմ պայքարին, իսկ երկրորդում հայտնի բլոգերի թեման Հայաստանի ցայտաղբյուրներն են, մասնավորապես՝ մաքուր ջուրը:
«Այն, ինչ դուք տեսնում եք, կոչվում է ցայտաղբյուր: Գիտեմ՝ առաջին հայացքից չեք հասկանա՝ ինչ նկատի ունեմ, բայց հավատացած եղեք՝ արժի ժամանակ տրամադրել եւ իմանալ, թե ինչ է սա, որովհետեւ այս ցայտաղբյուրը հարյուրավորներից մեկն է այս երկրում, որի անունն է Հայաստան: Մարդիկ կառուցում են այս ցայտաղբյուրները, եւ այստեղ դուք ստիպված չեք լինում ջուր գնել, այստեղ կարիք չկա պլաստիկ շշերի վրա գումար ծախսել, եւ բոլորը ջրով հագեցած են լինում՝ թե մարդիկ, թե կենդանիները: Պարզապես քայլում ես, ջուր խմում եւ հեռանում: Սա անվճար ջրի երկիրն է: Հայերն այս ցայտաղբյուրներն անվանում են «պուլպուլակ», իսկ ես իմ լեզվով սա անվանում եմ հրաշալի մի համակարգ, որն օգնում է կրճատել պլաստիկ շշերի օգտագործումը»,-իր տեսանյութում պատմում է բլոգերը:
Հավելենք, որ բլոգերի խոսքով՝ հայաստանյան թեմաների մեջ ինքն անպայման անդրադառնալու է նաև թավշյա հեղափոխությանը, շախմատին, կրոնին եւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Իրան սահմաններին: