Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս պահին մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Խոսքը միայն Հովիկ Աբրահամյանի մասին չէ, եթե որևէ մեկին մեղադրանք առաջադրվի, այդ տեղեկությունը կհրապարակվի»,– ասաց նա։
Սասուն Խաչատրյանը պարզաբանեց նաև, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրը կասկածյալի կարգավիճակ ունի, կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։
ՀՔԾ պետը նաև պարզաբանեց Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենքի և Մարտի 1-ի կապը. «Տեղեկություն կա, որ Մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր, նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։
Նա հավելեց, որ վարկած կա, որ զենքը կիրառել են Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները։ «Նման վարկած կա, որը պետք է ստուգվի նախաքննության ընթացքում»։