Որ այդ մարդիկ մտել էին Վեհարան, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու նրանք մինչեւ հիմա էնտեղ չեն, որովհետեւ ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է բերել այնտեղից:
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է օրենքով ապահովել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը՝ տրամադրելով թիկնազոր:
«Իսկ ինչո՞ւ այս ընթացքում էլ չեն մտել Վեհարան, որովհետեւ ոստիկանությունը նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն այնտեղ: Կաթողիկոսի ճանապարհը փակել են, բա ինչի՞ մինչեւ հիմա այդ ճանապարհը փակված չէ: Որովհետեւ ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել: Հիմա այն օրենքը, որ ուզում էին ընդունել, կոչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին օրենք: Հիմա մենք համարում ենք, որ ակթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է: Մենք համարում ենք, որ Հայ առաքելական եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ մենք ասենք, որ մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ նա թիկնազորով շրջի՞: Այդ մարդիկ մտածում են, որ դրանով եկեղեցու հեղինակությանն են ծառայո՞ւմ»,- հայտարարել է Փաշինյանը:
Փաշինյանը անդրադարձել է նրան, որ այդ օրինագծի չընդունվելուց հետո ՀՀԿ-ական պատգամավորները ցուցադրաբար դուրս եկան դահլիճից. «ՀՀԿ-ականները խռովում դուրս են գալիս դահլիճից, բայց էսքան տարի ինչի՞ այդ օրենսդրությունը չէիք ընդունում: Բա էդ ո՞ւմ իշխանության տարիներին էին ձեր իսկ նշած աղանդները տարածքում գտել Հայաստանում: Թե՞ 6 ամսվա ընթացքում է այդ ամենը տեղի ունեցել: Կամ էլ հայտարարում են, թե այդ «նոր Հայրապետ» շարժումը հրահրել է իշխանությունը: Հերիք է, եկեք ուղիղ ասենք, որ դա արտահայտությունն է եկեղեցու ներքին խնդիրների: Որեւէ մեկը մտածում է, որ վարչապետը պետք է մտնի, եկեղեցու ներսում հարաբերություններ կարգավորի՞»,-հայտարարել է Փաշինյանը:
Նա խոսեց ՀՀԿ-ականների մեկ այլ օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում էր արգելել եկեղեցու տարածքներում բողոքի ակցիաների անցկացումը. «Հիմա եկել ասում են՝ եկեք ցույցը օրենքով արգելենք: Բայց հենց արգելենք, կասեն՝ դրա համար էիք եկել իշխանության, որ արգելեք: Կասեն՝ «այսօր եկեղեցու դիմաց եք արգելում, վաղը կառավարության դիմաց եք արգելելու, մենք գիտեինք, որ բան չի փոխվել»: Մանկամիտ քաղաքականություն են վարում»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում՝ ավելացնելով. «ՀՀԿ-ի ամենածաղկուն շրջանում` հենց նրանց շարքում, կային սեռական կողմնորոշում ունեցող պաշտոնյաներ. հրապարակվել է անգամ ցուցակ»…
Մանրամասները՝ տեսանյութում